Հին հայկական ձեռագրերը, մագաղաթները, որոնք երբեմն դժվար է կարդալ, հնարավոր կլինի վերծանել մի քանի վայրկյանում: 16-ամյա հայ դպրոցականը նոր ծրագիր է մշակել: Ներբեռնում ես նկարը՝ ստանում տեքստը, որը կարելի է տեղում փոփոխել: Ներբեռնած ծրագիրն օգտագործելու համար համացանցին միացումը պարտադիր չէ: Հավելվածի հեղինակը Գոռ Գրիգորյանն է՝ Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի Երիցյան վարժարանից:
Գոռ Գրիգորյան (G.A.I. հավելվածի հեղինակ) - Համացանցում կարելի է պահպանել ահռելի քանակությամբ ինֆորմացիա, այն այնտեղից ջնջելն անհնար է: Սա մեզ հնարավորություն է տալիս պահպանել մեր դարերի պատմությունը և եկած ժառանգությունը փոխանցել մեր սերունդներին, նաև փոխանցել այլ ազգի ներկայացուցիչներին, քանի որ մագաղաթները շատ դժվար է կարդալ:
Ծրագիրը ստեղծվել է 6 ամսում՝ Մատենադարանում պահվող հայկական մագաղաթների հիման վրա ալգորիթմ մշակելով: Արհեստական բանականությամբ աշխատող սարքը համեմատում է առկա բոլոր տվյալները ու պարզում բովանդակությունը, որն այլևս ընթեռնելի չէ:
Գոռ Գրիգորյան - Արհեստական բանականությունը, եթե տառը ավելի երկար լինի, թեկուզ մեկ նանոմետր հաստություն ունեցող, համեմատում է իր տվյալների բազայի հետ կամ գրելաձևի, որոշում է, որ այդ տառն ավելի նման է մ տառի, քան ս տառին:
Ծրագիրն այսօր վերծանում է 84 տոկոս ճշգրտությամբ, սակայն դեռ հասանելի չէ օգտատերերին: Հեղինակը որոշել է այն կատարելագործել:
Գոռ Գրիգորյան - Հետագայում ես պլանավորում եմ այս նախագիծը նվիրաբերել Մատենադարանին: Դեռ դա չեմ անում, որովհետեև 84 տոկոսը դեռ շատ քիչ է: Հիմա աշխատում եմ այն ավելի զարգացնել, ավելի շատ ինֆորմացիա տրամադրել:
Ծրագրի գաղափարը Գոռի մեջ երկու տարի առաջ է ծագել՝ Թումո կենտրոնում ձեռագրերի վերծանման նեյրոցանց ստեղծելիս: Մագաղաթ վերծանող ծրագիրը մի շարք մրցույթների է մասնակցել, վերջինը Հայկական համադպրոցական գիտության փառատnնն էր, որում հաղթել է «Հայկական մշակույթի և ժառանգության պահպանում» անվանակարգում:
Հեղինակ՝ Անի Ավագյան