Մենք շատ ծանր ժամանակներ ենք ապրում, ավելի ծանր էին նախորդ տարվա սեպտեմբերը, հոկտեմբերը, նոյեմբերը... Ամենակարևոր հարցին՝ ինչպես պետք է հաղթահարենք այս ծանրությունը, իմ պատասխանը մեկն է՝ աշխատանքով: Աշխատանքով պետք է շենացնենք և բարեկեցիկ դարձնենք մեր երկիրը: Այդ մասին Վայոց ձորի Ռինդ համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ընդհանուր առմամբ համարվում ենք սակավահող երկիր, սակայն պաշտոնական վիճակագրությամբ՝ Վայոց ձորի մարզի վարելահողերի 74 տոկոսը չի մշակվում, և սա խնդիր է:
Կան, իհարկե, օբյեկտիվ խնդիրներ՝ դեպի վարելահողները տանող վատ ճանապարհները, ոռոգման ջրի անհասանելիությունը: ՀՀ-ում վարելահողերի մոտ կեսը՝ 49 տոկոսը, չի մշակվում: Ի՞նչ պետք է անենք. պետք է բոլոր պայմանները ստեղծենք, որ գյուղացին մշակի հողը: Եկել ենք եզրակացության, որ պետք է իրականացնենք մի ծրագիր՝ մինչև 3 հա հողատարածքների համար, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, 5 տարի ոռոգման ջրի փող չի գանձնվի: Մենք պետք է նման ծրագիր մտածենք նաև հակակարկտային ցանցերի համար»,- ասաց վարչապետը: