Մայիսից համացանցում հասանելի կլինի նոր մանկական կրթական հաղորդումների շարքը, որը հեղինակել է Սերգեյ Խաչատրյանի ընտանիքը. քույրը՝ Լուսինե Խաչատրյանը, և կինը ՝
Անխելա Գարսիա-Լոպես-Խաչատրյանը: «Ռոզա» նախագծի գաղափարը ծնվել է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո:
Երաժիշտ և մանկական հոգեբան Անխելա Խաչատրյանը դեռ պատերազմի շրջանում ստեղծեց «Mekuno համայնք» կայքը և առաջին իսկ հոդվածը նվիրեց հայ զինվորիների՝ պատերազմական սթրեսը հաղթահարելուն: «Ռոզա» նախագիծը օրգանապես շարունակում է Mekuno-ի առաքելությունը՝ հայ փոքրիկներին հոգեբանական աջակցության և գեղագիտական դաստիարակության նպատակով:
Լուսինե Խաչատրյանը, որ երաժշտության ու թատրոնի մարդ է միաժամանակ, Ռոզայի կերպարը ստեղծել էր մի փոքրիկ նախագծի համար, որով շատ ոգեշնչվել էր Սերգեյի որդին՝ փոքրիկ Հայկը: Եվ ծնվեց հայ երեխաների համար նախագծի գաղափարը:
Անխելան նշում է՝ ամենակարևոր բաները շշուկով են ասվում, բայց այդ շշուկը հույսի մեծ պաշար ունի:
Սերգեյ Խաչատրյանն այժմ Ամստերդամում է, համերգներով հանդես է գալիս Կոնցերտգեբաու համերգասրահում:
«Ռոզայի» առաջին իսկ օրից նա տեխնիկապես և մյուս հարցերով աջակցել է նախագծին, և «Ռոզայի» հեղինակները չեն բացառում, որ մի օր Սերգեյը կլինի նախագծի հյուրը՝ արդեն որպես երաժիշտ: