Տնտեսական վիճակից մինչև արտահերթ ընտրություններ. վարչապետը շարունակում է մարզային այցելությունները. այսօր Վայոց Ձորում էր: Հարձակում Հայաստանի վրա, նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա՝ հայտարարել է Փաշինյանը, հիշեցրել՝ մեր երկրի անվտանգության հիմքը հայ-ռուսական ռազմավարական ու ռազմաքաղաքական դաշինքն է:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Մենք միասնական անվտանգային համակարգ ունենք: Հիմա շատերի մոտ հարց է ծագում, այդ պարագայում ինչո՞ւ Արցախյան պատերազմի ընթացքում այդ համակարգը չաշխատեց այնպես, ինչպես մեր ժողովուրդը կուզեր: Մի պարզ պատճառ կա. ըստ էության՝ անվտանգային համակարգը տարածվում է ՀՀ այն սահմանների վրա, որ ՀՀ-ն ինքը 2010 թվականին վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանել է:
Հայաստանի բանտերում ավելի քիչ մարդ չի եղել, քան այսօր. Ռինդում Փաշինյանն անդրադարձել է դատաիրավական բարեփոխումներին: Համակարգը խնդիրներ ունի, սակայն այսօրվա իշխանության համար, ըստ վարչապետի, կարևոր է, որ բանտերում անմեղ մարդիկ չկան:
Նիկոլ Փաշինյան - Ում չկարողացանք դատել, դուք ձեր քվեով կդատեք:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, հիշեցրել՝ ապրիլի վերջին տասնօրյակում պատրաստվում է հրաժարական տալ: Մարզի խնդիրներին անդրադառնալով նշել է՝ Վայոց ձորի վարելահողերի 74 տոկոսը չի մշակվում:
Նիկոլ Փաշինյան - Այդ 74 տոկոս հողը, որ չի մշակվել, նշանակում է՝ արդյունք չի ստեղծվել: Մինչև 3 հեկտար այն այգիները, հողատարածքները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման և անձրևացման, այդ հողերի համար ոռոգման գումար 5 տարի չի գանձվի:
Վարչապետը մասնակցել է նաև Ռինդի մանկապարտեզի բացմանը նորոգումից հետո ու վստահություն հայտնել՝ Հայաստանի հետ է պետք կապել մարզի երեխաների ապագան:
Մարզում վարչապետի հաջորդ կանգառը Զառիթափ համայնքն էր: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Զառիթափ-Նոր Ազնաբերդ գյուղերի հիմնանորոգված 14 կիլոմետրանոց ճանապարհի բացմանը, որի համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ: Այնուհետև հանդիպել է Զառիթափի բնակիչների հետ, հարգել հերոսական գյուղի տղաների հիշատակը: Այս և մյուս բոլոր գյուղերում վերաչապետն անուն առ անուն հիշատակել է հանուն հայրենիքի ընկած տղաներին:
ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները խոսում են հակամարտության լուծման անհրաժեշտության մասին: Նշանակում է Ադրբեջանի՝ Արցախյան հարցը փակված համարելու թեզը միջազգային աջակցություն չունի: Իսկ պատերազմն, ըստ վարչապետի, անխուսափելի էր:
Նիկոլ Փաշինյան - 2018 թվականի դրությամբ՝ Հայաստանը ԼՂ հարցով, զիջումների իմաստով, ըստ էության, հասել էր իր կարմիր գծերին և հատել էր այդ կարմիր գծերը: Այլընտրանք չկար, քան փորձել կանգնել և պաշտպանել մեր իրավունքը և պաշտպանել հայ ժողովրդի և Արցախի ժողովրդի շահը: Նույնիսկ, եթե մենք այդ զիջումների գնով փորձեինք գնալ խաղաղ կարգավորման, էլի լինելու էր պատերազմ:
Փաշինյանը Զառիթափում խոսել է նաև հաղորդակցության ապաշրջափակման մասին, նշել՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ ստորագրված փաստաթղթում Սյունիքի «միջանցք» հասկացություն չկա:
Նիկոլ Փաշինյան - Նրանք անընդհատ հայտարարում են՝ մենք Զանգեզուրի միջանցք ենք ունենալու: Լավ, հայտարարում -հայտարաում են, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու, որովհետև այդ միջանցքը կստեղծի՝ մերը, այսինքն ճանապարհ կտանք ճանապարհի դիմաց: Պատկերացրեք Հայաստանի տնտեսությունն ինչ փոփոխություններ կապրի, եթե մենք ունենանք երկաթուղի Իրանի և ՌԴ-ի հետ:
Վարչապետը պատասխանել է նաև այսօրվա իշխանության թույլ լինելու մասին քննադատությանը:
Նիկոլ Փաշինյան - Մեր իշխանությունն ի՞նչ պետք է աներ, որ ասեին ուժեղ իշխանություն է: պիտի գնդակահարեի՞նք երկրի քաղաքական էլիտային կամ պիտի մեկն ասեր՝ «պրիվետ, Նիկոլ», տանեինք ծեծելով զուգարանում սպանեինք, որ ասեին՝ տեսեք, այս ինչ ուժեղ իշխանություն է:
Հիմնադրամի միջոցները նպատակային չեն ծախսվում, իսկ Սփյուռքը Հայաստանի այսօրվա իշխանության նկատմամբ վսժտահություն չունի: Այս մեղադրանքներին Փաշինյանը հակադարձում է վիճակագրությամբ. 26 տարում համահայկական է փոխանցվել 289 միլիոն դոլար, իսկ հեղափոխությունից հետո՝ միայն երեք տարում, 247 միլիոն դոլար: 100 միլիարդ դրամը ծախսվելու է Արցախում բնակարաններ կառուցելու ու ենթակառուցվածքները վերականգնելու համար: