ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲՈՂՈՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հանդիպման կապակցությամբ: Բաքվում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Կեստուտիս Յանկասուսկասը հրավիրվել էր ԱԳՆ: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլն անընդունելի է և հաշվի չի առնում տարածաշրջանի նոր հետկոնֆլիկտային իրականությունը և Եվրամիության հատուկ ներկայացուցչի նման գործողությունները հանգեցրել են նրա հանդեպ Ադրբեջանի վստահության կորստին:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին զգույշ լինել, քանի որ հնարավոր է՝ Ղրիմում, Դոնեցկում ու Լուգանսկում վտանգավոր իրավիճակ ստեղծվի: Նշվում է, որ հնարավոր զինված բախումների պատճառով ուժի մեջ է Ղրիմ, Դոնեցկ և Լուգանսկ չճանապարհորդելու մասին նախապես արված հայտարարությունը: ԱՄՆ դեսպանատունը հորդորել է Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին՝ պարբերաբար հետևել դեսպանատան հաղորդագրություններին:
ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾ Է ՀԱՍՑՐԵԼ ՀԱՄԱՍ-Ի ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Իսրայելի զինված ուժերը հայտնում են, որ այս գիշեր երկրի օդուժն ավիահարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ շարժման օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան Գազայի հատվածից հրթիռի արձակմանը: Ըստ իսրայելական մամուլի՝ Թիրախում եղել է զենքի արտադրամաս, մաքսանենգ ճանապարհով զենքի տեղափոխման թունել և ՀԱՄԱՍ-ի ռազմական հենակետ: Իսրայելական բանակը դա համարում է ավելի վաղ Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի պատասխանը:
ՌԴ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՄՆ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
ՌԴ ԱԳՆ կայքը հրապարակել է ԱՄՆ պաշտոնյաների ամբողջական ցուցակը, որոնց արգելվում է մտնել Ռուսաստանի Դաշնություն՝ հակառուսական քաղաքականության համար: ԱԳՆ-ն դա համարում է մարտի 2-ին ԱՄՆ վարչակազմի կողմից Ռուսաստանի պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատասխան: Մուտքը փակ է ԱՄՆ գլխավոր դատախազի, բանտերի դաշնային բյուրոյի տնօրենի, ԱՄՆ նախագահի խորհրդական և ՄԱԿ-ում նախկին մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսի, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի համար: Պատժվածների թվում է նաև է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը: