ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը դիմել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Քուփերին՝ կապված Ադրբեջանին ԱՄՆ ֆինանսական օժանդակության և Արցախյան պատերազմի հետ:
Սփիերը նշել է, որ Միացյալ Նահանգները 100 մլն դոլար ռազմական աջակցություն է հատկացրել Ադրբեջանին՝ խոսելով դրա ավերիչ հետևանքների՝ Հայաստանի ու Արցախի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին: Ամերիկացի կոնգրեսականն ընդգծել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել շուրջ 200 ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց:
Երբ ԱՄՆ պաշտպանության ոլորտի պաշտոնյան հայտարարել է, որ Ադրբեջանին 100 մլն դոլար ռազմական աջակցության ցուցաբերումը բխում է ԱՄՆ ազգային շահերից, կոնգրեսական Սփիերն ընդհատել է նրան՝ նշելով, որ «Դա հասկանալի է, սակայն ի վերջո Ադրբեջանն այդ գումարներն օգտագործել է Հայաստանի դեմ»:
«Կարծում եմ՝ մենք պետք է երկար և ուշադիր հետևենք նրանց վարքագծին և վատ վարքի համար չպարգևատրենք նրանց»,- հայտարարել է Ջեքի Սփիերը: