«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ:
«Խորապես վշտացած ենք «Ավրորայի» համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու և մեզնից շատերի թանկագին ընկեր Վարդան Գրեգորյանի (1934-2021) կորստի կապակցությամբ:
Որպես «Ավրորայի» համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ՝ Վարդան Գրեգորյանն անխոնջ աշխատել է՝ օգնելու այդ տեսլականը կյանքի կոչելուն և երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենից ավելի ունեն դրա կարիքը: Մենք հավերժ երախտապարտ ենք նրա փորձառության ու տեսլականի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծման ու զարգացման գործում նրա ներդրած անգնահատելի ավանդի համար»,- ասված է հայտարարության մեջ:
Վարդան Գրեգորյանը ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում, երիտասարդ տարիքում ներգաղթել է Միացյալ Նահանգներ: 1956 թ. Վ. Գրեգորյանն ընդունվել է Ստենֆորդի համալսարան, որտեղ մասնագիտացել է պատմության և հումանիտար գիտությունների բնագավառում, և այն ավարտել է 1958 թ. գերազանցությամբ: 1964 թ. Ստենֆորդի համալսարանը Վարդան Գրեգորյանին շնորհել է Պատմության և հումանիտար գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1969-ին արժանացել է Դանֆորթ հիմնադրամի Է. Հ. Հարբիսոնի «Ականավոր դասավանդման» մրցանակի (Distinguished Teaching Award)։
1972 թ. նա միացել է Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և նշանակվել Թարզյանի անվան ամբիոնի պատմության պրոֆեսոր և Հարավային Ասիայի պատմության պրոֆեսոր: 1974 թ. նա եղել է Փենսիլվանիայի համալսարանի Արվեստի և գիտությունների ֆակուլտետի հիմնադիր դեկանը, իսկ չորս տարի անց դարձել է նույն համալսարանի քսաներեքերորդ ռեկտորը՝ պաշտոնավարելով մինչև 1981 թվականը:
1981-1989 թթ. Վարդան Գրեգորյանը եղել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահը, 1989 թ. նշանակվել Բրաունի համալսարանի նախագահ: 1997 թվականից Գրեգորյանը զբաղեցրել է Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի տասներկուերորդ նախագահի պաշտոնը: 1998 թ. ԱՄՆ նախագահ Քլինթոնը նրան պարգևատրել է Ազգային հումանիտար գիտությունների մեդալով, իսկ 2004 թ. նախագահ Բուշը պարգևատրել է Ազատության Նախագահական մեդալով՝ ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևով:
Ստացել է պատվավոր բազմաթիվ աստիճաններ և պարգևատրությունների արժանացել Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի ու Պորտուգալիայի կառավարությունների կողմից:
Վարդան Գրեգորյանը հրատարակել է մի շարք գրքեր, որոնց թվում են «Ճանապարհ դեպի տուն. Իմ կյանքը և ժամանակները» (The Road To Home: My Life and Times), «Իսլամ. Խճանկար, ոչ միաձույլ» (Islam: A Mosaic, Not a Monolith) և «Ժամանակակից Աֆղանստանի հայտնությունը, 1880-1946 թթ.» (The Emergence of Modern Afghanistan, 1880-1946):
2015 թ. Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի հետ հիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: