Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նորանշանակ նախագահ Իոաննիս Ռաիդասը նամակ է հղել ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանին, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ ՀԽ նախագահ,
2021 թ. փետրվարին 4 տարի ժամկետով ընտրվել եմ Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ:
Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհուրդը միշտ սերտ և բեղմնավոր համագործակցություն է ունեցել Հայաստանի Հանրային խորհրդի հետ, և իմ հանձնառությունն եմ համարում շարունակել այն, քանի որ երկու հաստատություններն էլ, որպես Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի (AICESIS) երկարամյա անդամներ, ունեն նույն արժեքներն ու առաքելությունը:
Ավելին, մեր հաստատությունների միջև կնքված Փոխըմբռնման հուշագիրը կարևորագույն հիմք է ծառայում այնպիսի նախաձեռնությունների և փոխանակումների, որոնք կարող են արժեք ստեղծել մեր հասարակությունների համար:
Մեր անսասան կամքն է վերաակտիվացնել մեր միջև եղած երկկողմանի համագործակցությունը մի շարք ոլորտներում, որոնք կարող են փոխադարձաբար հստակեցվել: Մեր գլխավոր քարտուղար պրն. Ապոստոլոս Խիրաֆիսին հանձնարարվել է որոշակիացնել մեր տեսլականը՝ համաձայնեցնելով այն Ձեր հարգարժան հաստատության հետ:
Այս իմաստով, հարգելի՛ պարոն Սաֆարյան, խնդրում եմ ընդունեք իմ հարգանաց խորին հավաստիքը»։
Իր հերթին, Հայաստանի Հանրապետության ՀԽ նախագահը պատասխանել է.
«Հարգելի՛ պարոն նախագահ,
Ուրախ եմ Ձեր ջերմ և ոգեշնչող նամակի համար: Նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ հանուն Հունաստանի բարգավաճման, որի հետ Հայաստանը պատմականորեն հաստատել է ջերմ, բարեկամական և արդյունավետ հարաբերություններ:
ՀՀ Հանրային խորհուրդը բարձր է գնահատում Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի հետ հարաբերությունները և երկու հաստատությունների միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը դիտարկում է որպես փոխշահավետ կապերի ու փոխանակումների զարգացման կարևոր շրջանակ: Մեր հաստատության և գործընկերների անունից հայտնում եմ մեր մեծ հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ մեր ներդրումն ու գաղափարները բերելու ընդհանուր տեսլականի արդիականացման հարցում:
Ինչպես նշել եք մեզ ուղղված նամակում, Կովիդ-19 համավարակի հետևանքով աշխարհն առերեսվում է մարտահրավերների, ինչը շարունակում է կտրուկ ազդեցություն ունենալ մեր երկրների վրա: Արդյունքում համաշխարհային տնտեսության կառուցվածքն ու ձևն աստիճանաբար փոփոխվում են նաև համավարակով պայմանավորված: Դա հրամայական է դարձնում համատեղելու մեր ջանքերը, ներառյալ՝ նյութական, մասնագիտական և ֆինանսական՝ արդյունավետորեն հաղթահարելու համավարակն ու դրա բացասական հետևանքները:
Ավելին, նախորդ տարվա սեպտեմբերից սկսած և Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից չճանաչված Արցախի/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիոն պատերազմն իր հերթին բերեց այլ հետևանքներ հայ հասարակության, նրա տնտեսական ու քաղաքական համակարգերի և ընդհանրապես տարածաշրջանային խաղաղության համար, ինչպիսիք են՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները, հետպատերազմյա սոցիալ-տնտեսական վերականգնումը պատերազմից տուժած տարածքներում ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում: Այս բոլոր մասշտաբային և սուր մարտահրավերներն առավել քան երբևէ մեզ ստիպում են գործել մեծ սիներգիայի և համագործակցության մեջ՝ դիմակայելու և դրանք ավելի քիչ կորուստներով հաղթահարելու համար:
Հունաստանն ու Հայաստանը ճակատագրով ընկերներ են, որոնք ունեն նմանություններ արտաքին վտանգների, տնտեսական քաղաքականությունների և այլնի առումով: Արդյունքում, կարծում եմ, որ ՀՀ Հանրային խորհուրդը և Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհուրդն ունեն համագործակցության լայն դաշտ՝ բարձրաձայնելու հարցեր, որոնք կարևոր են թե՛ Հունաստանի, և թե՛ Հայաստանի հասարակությունների համար:
ՀՀ Հանրային խորհուրդը բարձր է գնահատում իր արտաքին գործընկերների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը և այս համատեքստում կարևորում է հաղորդակցության արդյունավետ ձևաչափերի ձևավորումը:
Քանի որ մեր հաստատությունների միջև վերջին շփումից զգալի ժամանակ է անցել, առաջարկում եմ հստակեցնել հարմար ժամանակահատված և կազմակերպել առցանց համաժողով համապատասխան հարցերը քննարկելու նպատակով:
Կրկին շնորհակալ եմ Ձեր նամակի և մեծ հետաքրքրության համար»: