ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, սենատոր Բոբ Մենենդեսը մի շարք հարցեր է ուղղել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդին՝ Արցախյան թեմայի, մասնավորապես՝ ռազմագերիների վերադարձի, Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԼՂ բանակցությունների վերսկսման վերաբերյալ:
Բոբ Մենենդեսը, մասնավորապես, դիտարկումներ է արել և հետևյալ հարցերն ուղղել Վիկտորիա Նուլանդին.
«Անցյալ տարի աշնանը Թուրքիայի լիակատար աջակցությամբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց հայ ժողովրդի դեմ, ինչը, իմ կարծիքով, անասելի ողբերգություն է: Պատերազմի ընթացքում ԱՄՆ բարձր մակարդակի դիվանագիտության բացակայությունն աններելի է, և մենք պետք է ամեն ինչ անենք հետագայում նման ողբերգությունը կանխարգելելու համար: Կարծում եմ, որ Միացյալ նահանգները պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ռազմագերիներին ազատ արձակելու համար: Ադրբեջանը հրաժարվում է դա անել, ինչը միջազգային իրավունքի խախտում է: ԱՄՆ-ը պետք է վստահեցնի, որ Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերը կստանան այն աջակցությունը, որի կարիքն ունեն: Դուք պարտավորվո՞ւմ եք պաշտպանել մարդասիրական օգնության և ականազերծման միջոցների տրամադրումը Հարավային Կովկասի հայերին, որոնք իրենց տներից տեղահան են եղել ադրբեջանական զինված հարձակումների պատճառով: Ի՞նչ կարող է անել ԱՄՆ-ը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու և առավել կայուն խաղաղության գործընթաց նախաձեռնելու համար»:
Վիկտորիա Նուլանդը նշել է, որ «Ղարաբաղյան թեմայի շուրջ աշխատել է 25 տարի: Եվ այն, ինչ պատահեց անցյալ տարի, իրական ողբերգություն է տարածաշրջանի համար»:
«Ինչպես Դուք եք նշում, ռազմագերիները պետք է ազատ արձակվեն, պետք է մարդասիրական աջակցության տրամադրումը վերականգնվի: Մենք պետք է ապահովենք Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, անհրաժեշտ է խոսել նաև մեր դաշնակից Թուրքիայի հետ: Կարծում եմ՝ շատ անելիքներ ունենք»,- հայտարարել է Նուլանդը:
«Հուսով եմ՝ կպաշտպանեք հայ ռազմագերիներին վերադարձնելու գործընթացը: Դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- հայտարարել է Բոբ Մենենդեսը, ինչին Վիկտորիա Նուլանդը դրական պատասխան է տվել՝ նշելով «բացարձակ խախտում է»: