Ղարիբ Կարապետյան (Արագյուղի մշակույթի տան շինաշխատանքների ղեկավար) - Պատուհանները, դռները, տանիքն ամբողջական փոխվել են: Նախկինում եղել է ժեշտից ծածկույթը՝ հին, փոքր, իսկ հիմա գունավոր ծածկույթ է...
Արագյուղ խոշորացված համայնքի՝ 1940-ականներին կառուցված մշակույթի տունն է, սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում է, փոխում է ամեն ինչ՝ ավելացնելով ջեռուցում ու կոյուղի, որ շենքը երբեք չի ունեցել: Մինչև օգոստոս համայնքը ժամանակակից բոլոր պայմաններով հագեցած մշակույթի տուն կունենա:
Կարապետ Բարսեղյան (շինաշխատանքներ իրականացնող ընկերության տնօրեն) - Սրա վերևը հիմա տաք ծածկ է լինելու, վաղը տոգորման, հականեխիչ ու հակահրդեհման աշխատանքներն են անելու, ու վաղվանից սկսենք հարդարման աշխատանքները:
Սա մեկն է նախորդ տարի մարզի ներկայացրած 104 սուբվենցիոն ծրագրերից, որի շինաշխատանքները համավարակի ու պատերազմի պատճառով ընդհատվել ու շարունակվում են այս տարի:
Ծրագրերից 63-ն արդեն ավարտված են, իսկ 41-ի ժամկետները կավարտվեն այս տարվա հուլիս-օգոստոսին:
Մեսրոպ Մեսրոպյան (Կոտայքի մարզպետ) - Բավական լուրջ հիմնախնդիրներ են լուծվում համայնքներում, խնդիրներ, որոնք տարիների խորքից կուտակվել ու ժառանգություն էին հասել մինչև մեր օրերը, և նման մեխանիզմով մենք դրանց վերջնական լուծումներ ենք կարողանում տալ:
Համայնքի սուբվենցիոն ծրագրերն ընդգրկում են 15 ուղղություն՝ ճանապարհաշինարարությունից մինչև գիշերային լուսավորության ապահովում, խմելու և ոռոգման ջրի մատակարարումից մինչև մշակույթի տների, մանկապարտեզների և վարչական շենքերի վերանորոգում ու վերակառուցում: Բոլոր շինաշխատանքներին անձամբ հետևում է Կոտայքի մարզպետը, նշում՝ արդյունքներից հիմնականում գոհ է, շինարարներից միայն սրտացավություն է ակնկալում:
Մեսրոպ Մեսրոպյան (Կոտայքի մարզպետ) - Բնականաբար, տեղում նայելուց անհնար է, որ աչքդ ինչ-որ թերություն չլինի, որովհետև շինարարությունն այդպիսի բնավորություն ունի, պետք է ժամանակին մարզպետը, վարչության պետը ժամանակին նկատեն թերությունն ու բացթողումը, որ վերջում ունենանք մեր ցանկալի որակը:
Արամուս համայնքը երբեք մանկապարտեզ չի ունեցել: Համայնքի երեխաները կա՛մ հարևան գյուղերի մանկապարտեզներ են հաճախել, կա՛մ տանն են մնացել:
2018-ի հեղափոխությունից հետո համայնքի միջոցներն ավելացել են ապօրինի գործած ռեստորանները գրանցելու և հարկային դաշտ բերելու շնորհիվ, արդյունքում համայնքի բյուջե մուտք գործած շուրջ 70 միլիոն դրամը որոշել են ուղղել մանկապարտեզի կառուցմանը, որը կհամաֆինանսավորվի Կառավարության միջոցով:
Տիգրան Գեղամյան (Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնակատար) - 50 տոկոսը համայնքի բյուջեից է, 50 տոկոսը Կառավարությունն է տրամադրում: Ընդհանուր նախագծային արժեքը 450 միլիոն է: Մանկապարտեզը կունենա 150 երեխա ընդունելու հնարավորություն:
Արամուսցի երեխաները կկարողանան սեփական համայնքի մանկապարտեզ հաճախել արդեն այս աշնանից: Իսկ գյուղում աշխատատեղերը կավելանան շուրջ 2 տասնյակով: Եղվարդն էլ է շինարարական եռուզեռի մեջ:
Քաղաքը երբևէ զբոսայգի չի ունեցել: Հանգստյան գոտու կառուցման աշխատանքները մեկնարկել են անցյալ տարի և այս պահին ընթացքի մեջ են:
Սերգեյ Ավագյան (Եղվարդի զբոսայգու շինարարական աշխատանքների ղեկավար) - Սրա առանձնահատկությունն իր կոնֆիգուրացիայի մեջ է. Ամբողջը լանջեր, լանջերին սոճիներ ու ծաղիկներ, իսկ մեջտեղում լինելու է ուռիների պուրակ:
Եղվարդի առաջին և ընդարձակ զբոսայգին կունենա պարող ու լուսային էֆեկտներով հագեցած շատրվաններ, ամֆիթատրոն, փոքրիկների համար նախատեսված լողավազան, խաղահրապարակ և այլն: Զբոսայգու կառուցման աշխատանքերը նախատեսում են ավարտել մինչև հունիսի 1-ը՝ որպես նվեր համայնքի երեխաներին:
Իսկ քաղաքում արդեն ավարտվել են մի քանի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները՝ եղվարդցներին ամռանն ազատելով փոշուց, իսկ անձրևային եղանակին՝ ցեխից: 2021-ի համար սուբվենցիաների ստացման նպատակով մարզի 33 համայնքից ներկայացվել է սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 102 հայտ: