Մեր երկրի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա: Անվտանգային նկատառումներով՝ Ռուսաստանի հետ ունենք Միացյալ զորախումբ և կովկասյան տարածաշրջանում միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: Այդ մասին Վայոց Ձորի Ռինդ համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ՌԴ-ի հետ համաձայնագրերի տրամաբանությունը հետևյալն է՝ «հարձակում Հայաստանի վրա՝ նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա»:
«Շատերի մոտ հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ Արցախյան պատերազմի ընթացքում այդ համակարգը չաշխատեց այնպես, ինչպես մեր ժողվուրդը կուզեր: Դրա համար մի պարզ պատճառ կա՝ ըստ էության, այդ անվտանգային համակարգը տարածվում է ՀՀ այն սահմանների վրա, որոնք ՀՀ-ն 2010-ին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով սահմանել է:
Ասում են՝ ո՞նց է, որ Շուռնուխ գյուղից արևելք ադրբեջանցիներ են կանգնած, ասում ենք՝ մի պարզ պատճառով. 2010-ին ընդունվել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ գրված է՝ Շուռնուխից արևելք Ադրբեջանն է, ասում են՝ ոնց է՝ Սոթքից այն կողմ ադրբեջանցիներն են, ասում ենք՝ նույն օրենքում գրել են՝ ՀՀ սահմանը ավարտվում է Սոթքով, և դրանից այն կողմ Ադրբեջանն է»,- պարզաբանեց Փաշինյանը: