ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանը խորհուրդ տվեց մտածել՝ ինչպիսին կարող էին լինել ելքերն ու զարգացումները, եթե 2018-ից իշխանությունը չլծվեր բարեփոխումների գործընթացի կատարմանը:
«Ի՞նչ կլիներ, եթե բանակում կտրուկ ռազմավարություն չփոխվեր, հայեցակարգ չփոխվեր, բանակի ֆինանսավորումը չավելանար, եթե բարեփոխումներ չիրականացվեին, ի՞նչ կլիներ, եթե մենք չփորձեինք տնտեսության մեջքը շտկել: Այս հարցերի պատասխանը որևէ մեկը տվե՞լ է: Ես վստահ եմ, որ մենք արել ենք առավելագույնը հնարավոր սեղմ պայմաններում: Եկեք հասկանանք, որ պատերազմական ժամանակաշրջանում մենք չունեցանք թռիչքային գնաճ, պարենային անվտանգության խնդիր, չունեցանք դրամի կտրուկ անկում, այլ կերպ ասած՝ տնտեսական կոլապս չունեցանք:
Պատերազմական ընթացքը բարդ էր, բայց վստահ եմ, որ զինված ուժերը փորձել են անել առավելագույնը: Պետք է արձանագրել, որ պատերազմի ամենաթեժ պահին դավադիր ուժերը խրամատ էին փորում իշխանության թիկունքում, որ պատերազմի ավարտից հետո մեր ազգային ողբերգությունը դարձնեին խաղաքարտ և ձեռնոց նետեին մեզ: Եվ դա անում են այն ուժերը, որոնք հայտնվել են քաղաքական աղբանոցում, այն մարդիկ, որոնք տասնամյակով երկիր են կառավարել, բայց մնացել են անհայրենիք, որոնք համարձակվում են սեփական պետությանը մեղադրել պատերազմ հրահրելու մեջ»,- նշեց պատգամավորը: