Շիրակում գարնանացանի առաջին սերմն են տալիս հողին։ Ցորեն, ոլոռ, սիսեռ, լոբի՝ կառավարությունը կսուբսիդավորի շուրջ 10 մշակաբույսի սերմի գինը։ 18 մատակարար ընկերություն արդեն սկսել է ներկրել «Էլիտա» և առաջին վերարտադրության սերմեր։ Մեծ ընկերություններն արդեն Շիրակում և Գեղարքունիքում սերմը վաճառում են։
Հունան Պետրոսյան (մատակարար ընկերության ղեկավար) - Մեր կազմակերպությունը արդեն իսկ մոտ 300 տոննա սերմ է ներմուծել գարնանացան ցորեն, գարի, վարսակ, ոլոռ, և այս պահին 380 տոննա պլանավորած մեքենաները բարձած գտնվում են ճանապարին։ Կարծում եմ՝ սերմի դեֆիցիտ չկա և չի էլ լինելու։
Մատակարարողների առաջ գնի հարցում խիստ պահանջ է դրված։ Օրինակ՝ ցորենի առաջին վերարտադրության և «Էլիտա» սերմի կիլոգրամը պետք է վաճառեն ոչ ավելի, քան 240, 280 դրամով, սակայն ֆերմերները կվճարեն, համապատասխանաբար, 120, 140, սահմանամերձ բնակավայրերում՝ 80 և 90 դրամ։
Իռա Փանոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ) - Սուբսիդավորվում է սերմի գնի 50 տոկոսը, իսկ սահմանամերձ բնակավայրերում ցանք կատարելու դեպքում կսուբսիդավորվի 70 տոկոսը։ Կատարվել է շուկայական գների վերլուծություն, ըստ որի՝ միայն Կառավարության որոշմամբ սահմանված գնով դրանից ավել կամ պակաս գնով վաճառք չի իրականացվի։
Անցած աշնանացանին սուբսիդավորվեց միայն ցորենի գինը՝ ավելի քան չորս հազար տոննա։ Թե որքան կցանեն այս տարի ոլրտի պատասխանատուները դժվարանում են ասել, գործընթացը դեռ նոր է սկսվել։ Մատակարարումը դանդաղեց, քանի որ Լարսի անցակետը, անբարենպաստ եղանակով պայմանավորված, հաճախ փակվում է։
Իռա Փանոսյան - Կարծես թե խնդիրը լուծվել է, և սերմացուն արդեն մատակարարվում է գյուղացիական տնտեսություններին։
Շիրակի մարզում հիմա եղած ցածր բերքատվություն ունեցող սերմը վաճառում են որպես անասնակեր, մարդիկ նախընտրում են նոր ներկրվածն ու բարձրորակը։