Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վարագույրները միառժամանակ փակ կլինեն. թատրոնի միջանցքներում կրկին լռություն է, անձնակազմի շուրջ մեկ տասներորդը վարակվել է COVID-19-ով:
Լուսինե Սահակյան (թատրոնի տնօրեն) - Քանի որ կորոնավիրուսի բռնկումը վերջին շրջանում ավելացավ, և մարզում գրանցվեց բավականին մեծ թվով հիվանդացության աճ, արտահայտվեց նաև թատրոնում, և, կարծում եմ, մարտի 29-ի մեր որոշումը` ներկայացումները հետաձգելու, բավականին ճիշտ որոշում էր:
Հետաձգված են մինչև ապրիլի 16-ը հայտարարված բոլոր ներկայացումները. ընդհանուր՝ 7 ներկայացում: Պատերազմից ու COVID-ի առաջին բռնկումից հետո թատրոնում հասցրեցին խաղալ շուրջ 30 ներկայացում, տնօրենի հավաստմամբ՝ պահպանել են հակահամաճարակային բոլոր կանոնները, 100 տոկոսանոց դահլիճ երբեք չեն ունեցել:
Լուսինե Սահակյան - Որևէ դեպքում մենք 100 տոկոսանոց դահլիճ չենք վաճառել, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ 100 տոկոսով դահլիճ չի վաճառվել: Եղել է նաև ցանկություն գնելու, և մենք նույն ներկայացումը դրել ենք մի քանի անգամ, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան իրենց մշակութային պահանջմունքները բավարարել:
Հակահամաճարակային կանոնները պահպանվե՞լ են, թե՞ ոչ՝ ստուգել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները: Ըստ մասնագետի՝ թերություններ չեն գրանցել:
Անահիտ Զատիկյան (ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչ) - Մինչև թատրոնի փակվելը և թատրոնի փակվելուց հետո մեր աշխատակիցների կողմից իրականացվել են մշտադիտարկումներ: էնտեղ հակահամաճարակային միջոցառումների պահանջները պահպանված են եղել:
Չնայած առանց դիմակի մուտքի արգելքին՝ այնուամենայնիվ, հանդիսատեսը երբեմն դիմակ չի կրել: Թատրոնի տնօրենը վստահեցնում է՝ հսկիչը այս հարցում խիստ է եղել, բայց և շեշտում է՝ ներկայացման ընթացքում մարդկանց վերահսկել չեն կարող:
Անահիտ Զատիկյան - Թատրոնում պահպանվում է, բայց հանդիսատեսը ներս է մտնում, հնարավոր է՝ չկրի դիմակ: Տնօրինությունն էլ, դե, խիստ պիտի լինել, էլի, ընդհանրապես:
Լուսինե Սահակյան - Բնականաբար կարող է գտնվել նաև անկարգապահ հանդիսատես, և յուրաքանչյուրին անհատապես հսկել արդեն խելամիտ չէ:
Թատրոնի անձնակազմը այս պահին ինքնամեկուսացված է: Տնօրենի խոսքով՝ դերասանների վիճակը լավ է, հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող միայն երկու հոգի կա, անհանգստացնող միակ բանը սահմանափակումներն են, որոնց կրկին ստիպված են բախվել: Ի դեպ՝ մինչև հաջորդ ներկայացում թատրոնի շենքը ԱԻՆ-ը ամբողջությամբ կախտահանի:
Հեղինակ՝ Տաթև Հակոբյան