Հայաստանում արտադրական հզորություններ են փնտրում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության համար, Մոսկվա - Բիշքեկ - Երևան - Մինսկ - Նուր-Սուլթան հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Արտակ Քամալյանը։
Արտակ Քամալյան (ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար) - Դեկտեմբերից սկսած բանակցություններն ընթանում են։ Որքան ինձ հայտնի է, Հայաստանը պատրաստ է հարթակ տրամադրել ամսական 100 հազար դեղաչափ պատվաստանյութ արտադրելու համար։
Հայկական կոնյակը ռուսական շուկայում իրացման խնդիր չունի, բայց մրգային գինիների հարցը քննարկվում է։ 2020-ի հունիսից Ռուսաստանում ուժի մեջ մտած գինու և կոնյակի մասին նոր օրենքի խիստ չափորոշիչները բավականին դժվարացրել են ԵԱՏՄ անդամ երկրների մրգային գինիների իրացումը։
Արտակ Քամալյան - Հայաստանի համար նուրբ հարցը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձրացրել է հանձնաժողովում։ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության պարզաբանումից հետո, մասնավորապես, կոնյակի վաճառքի խնդիր այլևս չկա։
Ինչ վերաբերում է մրգային գինիներին, հանձնաժողովը ակնկալում է նոր պարզաբանումներ։ Բանն այն է, որ նոր օրենքով գինի կարող է համարվել այն խմիչքը որն ստացվել է միայն խաղողից: Այս դեպքում խնդիրներ ունեն նռան և այլ մրգային գիներ արտադրողները։
Արտակ Քամալյան - Օրենքը միայն ԵԱՏՄ երկրներին չի վերաբերում։ Նռան կամ ծիրանից ստացված գինին չի կարող համարվել գինեգործական, բայց մենք դիմել ենք գյուղատնտեսության նախարարությանը և սպասում ենք պատասխանի կարծում եմ այս հարցը ևս կլուծվի։
Կոոպերացիաների ինտեգրումը ԵԱՏՄ-ում դանդաղում է։ Ավելի քան 200 ծրագիր կարող է գործել որպես ինտեգրացված կոոպերացիա։ Խնդիրը ֆինասական է, ասում է Արտակ Քամալյանը, որոշ բիզնեսների համար փորձում են արտոնյալ ֆինանսական գործիքներ գտնել։