Ռուսական լրատվամիջոցներում վերջերս լուրեր տարածվեցին, որ Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի անդամակցության հնարավորությունն է քննարկվում ՌԴ իշխանությունների կողմից, և Ռուսաստանի իշխանություններին այս պահին թվում է, որ կկարողանան Հայաստանին համոզել գերիների վերադարձի դիմաց համաձայնելու ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ մեր երկիրը, ինչպես նախկինում, այսօր առավել ևս չպետք է գերիների վերադարձի խնդիրը որևէ կերպ պայմանավորի Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին հնարավոր անդամակցությամբ:
«Մենք չենք կարող միևնույն տնտեսական միության մեջ Ադրբեջանի հետ գտնվել, քանի դեռ հակամարտության վերաբերյալ մենք չունենք վերջնական դիրքորոշում և չունենք խաղաղության պայմանագիր այդ երկրի հետ: Կարծում եմ՝ սա պետք է լինի մեր արտաքին քաղաքական վերաբերմունքը ստեղծված իրավիճակին: Գիտենք նաև, որ Բաքվում Լուկաշենկո-Ալիև ձևաչափով քննարկումներում ևս շոշափվել է այս թեման: Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել է այս հարցով և նշել, որ Երևանը շուտով կունենա պատասխան հարցի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ հարցը բավական հասունացել է, և ստեղծված տարածաշրջանային նոր իրողությունները ՌԴ-ի համար Ադրբեջանի անդամակցության առաջնահերթություն են սահմանել: Կարևոր է, որ կարողանանք մեր շահը առաջ մղել և պաշտպանել արժանիորեն»,- ասաց Բաբաջանյանը: