ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 6-րդ հարկում այսուհետ կցուցադրվեն հայ մարզիկների հաղթական ելույթները: Այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նախարար Վահրամ Դումանյանին և ԿԳՄՍՆ աշխատակիցներին ներկայացրել է առավել սպորտային տեսք ստացած հարկաբաժինը, որտեղ, բացի տեսացուցադրությունից, համապատասխան վահանակներով ներկայացված են Օլիմպիական խաղերի, միջազգային մրցաշարերի չեմպիոնները, նրանց հաղթանակների ժամանակագրությունը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է նախաձեռնությունը. «Սպորտի զարգացումը պետական նպատակ է, իսկ այդ ուղղությամբ արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ է նաև համապատասխան տրամադրությամբ միջավայր, որը կարժևորի մեր մարզիկների՝ միջազգային ասպարեզում գրանցած հաղթանակները և կպարտավորեցնի ավելի լավ աշխատել»:
Անդրադառնալով հարկաբաժնում նոր ձևավորված տրամադրությանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ փաստել է. «ԿԳՄՍՆ աշխատակիցները և նախարարություն այցելողները մշտապես կտեսնեն մարզաշխարհի մեր հերոսներին, կծանոթանան նրանց մարզական սխրանքներին, ինչը, վստահ եմ, բոլորին հաղթական էմոցիաներ և առավել արդյունավետ աշխատելու ցանկություն կհաղորդի»:
Նշենք, որ ցուցադրվող հոլովակը պատրաստվել է Հանրային հեռուստաընկերության հետ, իսկ հարկի կահավորմանն աջակցել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: