Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը:
«Ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը՝
Գտնում ենք, որ տարածաշրջանային բարդ զարգացումների ֆոնին հայտարարությունը նոր հնարավորություններ և թարմացված օրակարգ է առաջադրում: Հայտարարության մեջ շոշափված հարցերը ցույց են տալիս, որ համանախագահությունը հանգամանորեն տիրապետում է իրավիճակին՝ համապատասխանաբար առաջարկելով սեփական լուծումները:
Կարևորում ենք այն, որ համանախագահությունը հատուկ ուշադրություն է դարձնելու հակամարտության վերջնական համընդգրկուն և կայուն կարգավորման հաստատմանը՝ կողմերի համար հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա, ինչը ենթադրում է նաև նախկինում համանախագահության կողմից քննարկված փաստաթղթերի թարմացում և լուծումներ: Հայտարարությունը նշանակալի է հատկապես Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունների ֆոնին, որ հակամարտությունը կարգավորված է:
Ողջունում ենք համանախագահների պատրաստակամությունը հետհակամարտային հումանիտար առաջնահերթությունների, մասնավորապես ռազմագերիների և այլ ձերբակալվածների վերադարձի հարցերի լուծման գործում:
Ակնկալում ենք, որ համանախագահները, վերահաստատելով իրենց միջնորդական առաքելությունն ուղղված հակամարտության կարգավորմանը, կվերականգնեն տարածաշրջանային այցերի ու քննարկումների նախկին պրակտիկան, այդ թվում և՝ պաշտոնական Ստեփանակերտ, ինչը մեծապես կնպաստի հակամարտության կարգավորման գործընթացին:
Մեծապես կարևորում ենք համանախագահության կողմից կրոնական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրների բարձրաձայնումը և դրանց օրակարգային նշանակություն հաղորդելը, ինչը հրատապություն է ստացել Ադրբեջանի՝ ժամանակավոր վերահսկողության տակ հայտնված հայկական տարածքներում նրանց վարած բնաջնջման քաղաքականության ֆոնին: Ակնկալում ենք, որ այս հարցի լուծման գործում համապատասխան միջազգային կառույցները կհամագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ:
Հուսով ենք, որ համանախագահների կողմից հատուկ ուշադրության և պարսավանքի կարժանանան Ադրբեջանի կողմից հայատյացության նոր դրսևորումները, մասնավորապես՝ վերջին օրերին, այսպես կոչված, «Ռազմական ավարի պուրակի» բացումը, ինչն իր նախադեպը չունի համաշխարհային իրականության մեջ:
Հերթական անգամ բարձր ենք գնահատում ՌԴ դերակատարությունը Արցախի Հանրապետությունում խաղաղապահության ինստիտուտ ներդնելու, ինչպես նաև համանախագահության միասնական ձևաչափում հանդես գալու շարունակական գործելակերպը: Գտնում ենք, որ ՌԴ կողմից հակամարտության կարգավորման առանձին և գործուն ջանքերը կարող են լրացվել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից խնդիրներին լուծում տալու հնարավորություններով»,- ասված է հայտարարության մեջ: