Ճգնաժամային կառավարմանը զուգահեռ, իրականացվել են մեր բոլոր ծրագրային պարտավորությունները, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:
Նախարարի խոսքով՝ վերջին 2-3 տարվա ընթացքում Հայաստանի առողջապահական բյուջեն 30 տոկոս աճ է գրանցել: «Սա նշանակում է, որ ավելացել են շահառուների խմբերը, նաև՝ ներմուծվել են նոր ծառայություններ»,- ասաց Ավանեսյանը՝ հիշեցնելով, որ մինչև 18 տարեկան երեխաների բուժօգնությունն իրականացվում է պետության հաշվին: «Մի շարք հիվանդությունների բուժումը, վիրահատությունները, որ մեր քաղաքացիների համար անհասանելի էին, այսօր հասանելի են: Մեր առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներն ունենում են վիրահատության կարիք, որ արժեն 3-4 մլն դրամ: Մի քանի տարի առաջ դրանք անհաս երազանք էին, որ նրանք կարող են իրենց թույլ տալ, այսօր հասանելի են մեր քաղաքացիներին»,- շեշտեց Ավանեսյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ մարզային կարողությունները զարգացնելու առումով իրականացվել են խոշոր ներդրումներ, բուժհաստատությունները զինվել են նոր սարքավորումներով: «Բժշկական կենտրոնների հզորացման ներդրումները շարունակվելու են»,- վստահեցրեց նա: