Ապրիլի 16-ը ոստիկանության կազմավորման օրն է։ Ոստիկանության 103-րդ տարեդարձի կապակցությամբ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորի հուշարձաններին։
Նույն օրը ոստիկանություն այցելեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը, ոստիկանության պետը և բարձրաստիճան սպաները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի զոհված ոստիկանության ծառայողների հուշապատին։
Ապրիլի 16-ին տեղի ունեցավ նաև ՀՀ ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը։
Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը, ինչից հետո բացման խոսք ասաց ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
Նա շնորհավորեց ոստիկաններին, ոստիկանության վետերաններին ու ոստիկանների ընտանիքներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Վահե Ղազարյանը երախտիքի խոսք հղեց զոհված ոստիկանների ընտանիքներին։ Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց իրավակարգի և օրինականության պահպանման դժվարին գործում ոստիկանների բարեխիղճ ծառայության համար, նաև երախտագիրտություն հայտնեց այն ծառայողներին, որոնք պատերազմի առաջին օրերից ներգրավվեցին մարտական խնդիրների իրականացմանը և լիարժեք կատարեցին իրենց պարտքը հայրենիքի առաջ:
Վահե Ղազարյանն անդրադարձավ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին:
Ներկայացրեց պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորման աշխատանքների ընթացքը:
Ոստիկանության օրվա առթիվ շնորհավորական խոսք ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2021 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը ներկայացրեց հանցավորության շարժընթացն ու ոստիկանության ծառայության վերաբերյալ մանրամասներ։