Անվտանգության խորհրդի՝ երեկ հրապարակած փաստաթուղթում, ըստ Գլխավոր շտաբի նախկին պետի, իշխանությունը միտումնավոր խեղաթյուրել է իրականությունը։ Օնիկ Գասպարյանի պնդմամբ՝ սեպտեմբերի 30-ին կայացած անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունից ընտրովի հատվածներ հրապարակելն ամբողջական չի արտահայտում զեկույցի բովանդակությունը։
Այն որ պատերազմի 4-րդ օրն Օնիկ Գասպարյանը վարչապետին չի հորդորել քայլեր ձեռնարկել ռազմական գործողություններն անհապաղ կանգնեցնելու ուղղությամբ՝ Փաշինյանը բացահայտեց չորեքշաբթի՝ խորհրդարանում՝ հերքելով Գլխավոր շտաբի նախկին պետի նոյեմբերի 17-ի հայտարարությունը։ Որպես Փաշինյանի խոսքերի ապացույց, երեկ էլ անվտանգության խորհուրդը գաղտնազերծեց սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրությունից հատվածներ։ Ըստ այդմ՝ Գասպարյանը վստահեցրել էր, որ բանակն իր առջև դրված խնդիրը կկատարի մինչև վերջ և նշել, որ մի քանի ուղղություններով հայկական ուժերը ջախջախել են հակառակորդին։
Այդ օրվա նիստի մասնակիցներից մեկն էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր։ Նա մտավախություն չունի, որ հրապարակված փաստաթուղթը կարող է տարընթերցումների տեղիք տալ ու սխալ ընկալվել, քանի որ բացահայտվել են միայն այն նախադասությունները, որոնք Ազգային ժողովում մեջբերել էր Փաշինյանը։
Գրիգորյանն ասաց՝ հրապարակված տեղեկատվության շրջանակից դուրս գալ չի կարող, իրավունք չունի, դրանով պատճառաբանեց նաև այն հանգամանքը, թե ինչու չի արձագանքել Օնիկ Գասպարյանին, երբ նոյեմբերի 17-ին նա արեց իր հայտնի հայտարարությունը։
Տարաբնույթ տեղեկություններով, գնահատականներով, դավադիր տեսություններով հեղեղված մամուլի, գաղտնի տեղեկատվության արտահոսքի, հնչող հայտարարությունների ու շահարկումների ֆոնին իրականությունը պարզելու իր բանաձևն է այսօր ներկայացրել Օնիկ Գասպարյանը։ Բաց նամակում դիմելով խորհրադարանի նախագահին, 3 խմբակցության ղեկավարներին՝ առաջարկել ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։
«Լուսավոր Հայաստանի» ղեկավարն այսօր ժամանակավրեպ որակեց պաշտոնաթող զինվորականի առաջարկը, նկատեց՝ հավանաբար Գասպարյանը տեղյակ չէ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքից՝ ըստ որի քննիչ հանձնաժողովն ստեղծվելու է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հենքի վրա։ Ընդդիմադիր ուժը իշխանությանը չի վստահում, Մարուքյանը կարծում է՝ «Իմ քայլը» վստահություն չունի նաև Գասպարյանի մոտ։
Քննիչ հանձնաժողովին դեմ չէ, բայց դրա ստեղծումը դեռ վաղ է համարում իշխող խմբակցության պատգամավորը։ Անդրանիկ Քոչարյանը, որ գլխավորել է ապրիլյան քննիչ հանձնաժողովը, ասում է՝ այստեղ տասնապատիկ ավելի ուսումնասիրության նյութ է լինելու։ Ըստ իշխանական պատգամավորի՝ Գասպարյանն այժմ պետք է սպասի իր առաջարկի պատասխանին:
Գասպարյանի պնդումներին էլ, թե անվտանգության խորհրդի արձանագրության գաղտնազերծած հատվածները խեղաթյուրված են ու դրանով իշխանությունը դրսևորում է էժանագին վարքագիծ, Քոչարյանն ասում է՝ լավ կլիներ նախկին բարձրաստիճան զինվորականը մեկնաբաներ հրապարակված հատվածները։
Իսկ արրդյո՞ք խորհրդարանական երկրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը» կընդունի Օնիկ Գասպարյանի քննիչ հանձնաժողվ ստեղծելու առաջարկը, խմբակցությունից ճշտել չհաջողվեց։