Անկարայում Հունաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումն ավարտվեց ոչ բարեկամական մթնոլորտում: Այն առավել ընդգծվեց մամուլի ասուլիսի ժամանակ, երբ նախարարները միմյանց մեղադրեցին ստեղծված լարվածության համար, հայտնում է greekcitytimes-ը:
Հունաստանի արտգործնախարար Դենդիասը քննադատել է Անկարային Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Թուրքիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարած քաղաքականության հարցերում, միջազգային իրավունքները խախտելու համար։
«Եթե Թուրքիան շարունակի խախտել մեր ինքնիշխանության իրավունքները, ապա կկիրառվեն պատժամիջոցներ»,- ասել է Դենդիասը և հավելել, որ երկու երկրները պետք է շարունակեն միասին ապրել ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի հիմնարար իրավունքների և ԵՄ-ի սկզբունքների շրջանակում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն չի ընդունել մեղադրանքները և հայտարարել է՝ Անկարան կողմ է, որ Հունաստանի հետ վիճելի խնդիրները լուծվեն կառուցողական բանակցությունների միջոցով, բայց դեմ է, որ երրորդ երկրները միջամտեն այդ գործընթացին:
Հունական կողմը պնդում է, որ հույն դիվանագետին հաջողվել է խոնարհեցնել իր թուրք գործընկերոջը: Մինչդեռ Անկարան հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտպանել է Չավուշօղլուին և հայտարարել, թե Անկարայում Հունաստանի արտգործնախարարին ցույց են տվել իր տեղը: