Սահմանադրական դատարանը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը:
«Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա չեն վիճարկվող որոշումն ընդունելու՝ Սահմանադրության պահանջների այնպիսի խախտումներ, որոնք նշանակություն ունեն կամ կարող են ունենալ որոշման ընդունման սահմանադրականության առումով, և որոնք հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ անհնար է արժանահավատորեն որոշել օրենսդրի իրական կամքը: Հետևաբար՝ վիճարկվող Որոշումը, նաև վերջինիս ընդունման՝ Սահմանադրությամբ նախատեսված կարգի պահպանվածության տեսանկյունից խնդրահարույց չէ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է ՍԴ որոշման մեջ: