ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ոստիկաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:
«Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ մեր գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Մեկ հարյուրամյակից ավելի հայ ոստիկանը շարունակում է անմնացորդ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, բարձր պահելով նրա ժողովրդի ներքին անվտանգության երաշխավորը լինելու պատիվը:
Բարդ, միաժամանակ փառավոր ուղի անցած համակարգը մեր երկրի կարևորագույն օղակներից մեկն է:
Ոստիկանը հայր է, եղբայր է, ոստիկանն ընկեր է, հարկ եղած դեպքում՝ հայրենիքի զինվոր:
Ես խոնարհվում եմ համակարգի բոլոր այն նվիրյալների առաջ, ովքեր մեր հայրենիքի փրկության ճանապարհին իրենց կյանքը նվիրեցին հանուն Արցախի ու Հայաստանի լուսավոր ապագայի, և երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր շարքերում են:
Հարգելի՛ գործընկերներ, համակարգի վետերաններ,
Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթել բարի ծառայություն՝ հանուն օրինականության, մարդու իրավունքների և ազատությունների պահպանման, ինչպես նաև ՀՀ ներքին անվտանգության»,- ասված է Սարգսյանի շնորհավորական ուղերձում: