Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ իրավապահները դեռևս ծանուցագիր չեն ուղարկել Արցախի Հանրապետության նախագահին՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով հարցաքննության հրավիրելու վերաբերյալ:
Լուսինե Ավանեսյանը հայտնել է Արցախի նախագահի դիրքորոշումը, որ ծանուցագիր ստանալու դեպքում կգնա հարցաքննության և կպատասխանի բոլոր հարցերին:
«Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունն ու նրբությունները՝ հետագայում կտրամադրենք տեղեկություն Արայիկ Հարությունյանի մասնակցության մասին»,- հայտնել է Ավանեսյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի դատախազությունը հայտնել էր՝ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Վերոնշյալ քրեական գործը հարուցվել էր Արցախում գործող «Հայկի սերունդ» և «Առաջ Արցախ» ՀԿ-ների կողմից 2020 թ. դեկտեմբերի 10-ին դատախազությանը ներկայացրած հաղորդման հիման վրա:
Ըստ այդմ՝ ներկայացվել են տեղեկություններ, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում Արցախի մի խումբ քաղաքացիների (քննությամբ դեռևս չպարզված) կողմից հակառակորդի զինված ուժերին՝ թշնամական գործունեություն իրականացնելու համար, օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։
Հաղորդմամբ ներկայացված դեպքերի կապակցությամբ՝ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար, 2021 թ. փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության՝ ուղարկվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտե: