Քովիդը չխանգարեց հարևան, բարեկամ երկրներին քննարկել գործակցությունը խորացնելու հեռանկարները: Նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն աջակցություն հայտնեց Հայաստանի զարգացմանը՝ ընդգծելով, որ կողմ են խաղաղությանն ու երկխոսության միջոցով խնդիրների կարգավորմանը:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ նախագահն անթույլատրելի համարեց, որ պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը գերության մեջ է պահում հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց՝ խախտելով մարդասիրական իրավունքի նորմերը:
Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ - Գերիներին պահելն անթույլատրելի է, հակամարդկային քայլ է, և ես՝ որպես նախագահ, պետք է բարձրաձայնեմ այդ հարցը, քանի դեռ այն լուծված չէ:
Նախագահը, Վրաստանի պաշտոնյաների հետ հանդիպումներում վերահաստատեց, որ առանց Արցախի հարցի արդարացի լուծման անհնար է տարածաշրջանում կայունություն ապահովել: Վրաստանն, ըստ նրա, առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս կողմերի միջև հարթակ դառնալու առաջարկով:
Արմեն Սարգսյան - Ազնիվ առաջարկ է, բայց ինձ համար պարզ չէ, թե ովքեր և ինչի շուրջ պետք է բանակցեն: Բանակցելուց առաջ հակառակորդը պետք է ցույց տա գոնե ամենատարրական մարդկային վերաբերմունք: Մենք հավասար վիճակում չենք գտնվում, Ադրբեջանի հետ ինչ-որ բանի մասին խոսելուց առաջ թող նախ մեր տղաներին ու աղջիկներին վերադարձնեն, հետո նոր հաջորդ քայլի մասին կմտածենք:
Հայաստանի նախագահը Վրաստան այցն ամփոփեց վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ շրջեց եկեղեցում, ծաղիկներ դրեց բակում գտնվող հայ մեծերի շիրմաքարերին:
Մինչ այցի ամփոփումը, Արմեն Սարգսյանը հյուրընկալվեց Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդին: Վրաստանի հոգևոր առաջնորդն ընդգծեց՝ երկու եկեղեցիները կարևոր դեր ունեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում։
Իլյա 2-րդ. Համայն Վրաստանի պատրիարք - Հուսով եմ՝ հայ ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու դժվարությունները. երբ դժվար է Հայաստանի, հայ ժողովրդի համար, դժվար է նաև մեզ համար:
Արմեն Սարգսյան - Հայաստանն անցավ պատերազմի դժոխքի միջով, և հազարավոր երիտասարդ կյանքերի կորուստ ունեցանք։ Իմ աղոթքները զավակի կորստի ցավը կրող ծնողների և ընտանիքների հետ են: Ու մենք ամեն ինչ պետք է անենք՝ ապագայում ավելի կայուն ու խաղաղ տարածաշրջան ունենալու համար:
Նախագահի խոսքով՝ Վրաստանն ունի մաքսային առավելություններ Չինաստանի և ԵՄ-ի հետ, Հայաստանը՝ ԵԱՏՄ շրջանակում: Գործակցության հնարավորություններ կան նաև մշակույթի, կրթության, տրանսպորտի ոլորտում:
Արմեն Սարգսյան - Հասկանալի է՝ փակուղու մեջ գտնված Հայաստանը պետք է դառնա խաչմերուկ, բայց կան մեծ թվով դժվարություններ, ինչպե՞ս ես դու ճանապարհ բացելու Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ: Մինչև այդ ճանապարհ բացելը հազար ու մի քայլ կա, որ պետք է արվի և, առաջին հերթին, Ադրբեջանի կողմից, Թուրքիայի կողմից: Ինչպե՞ս ենք մենք մոռանալու Եղեռնը: Բայց այն, որ Հայաստանն ավելի ակտիվ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական հարաբերությունների զարգացման կարիք ունի և՛ Վրաստանի, և՛ Ադրբեջանի հետ, փաստ է:
Չորս հարևանով շրջապատված փոքր Հայաստանն, ըստ նախագահի, չունի այլընտրանք, քան ունենալ ակտիվ ու մարտնչող արտաքին քաղաքականություն: