«Զուլալիի» նկարահանումներն ավարտվեցին պատերազմի մեկնարկից 10 օր առաջ: Ֆիլմը հետարտադրական՝ ձայնի և գույնի մշակման փուլում է: Հայկ Օրդյանի լիամետրաժ ֆիլմը բարդ ճանապարհ անցավ՝ նախ՝ համավարակը, ֆինանսական դժվարությունները, հետո՝ պատերազմը: Ռեժիսորն ասում է՝ թունելի վերջում լույսն արդեն երևում է: Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ազգային կինոկենտրոնի համատեղ ֆինանսավորմամբ 90 րոպեանոց ֆիլմին սպասում է եվրոպական, ասիական և ամերիկյան փառատոնային երկար ճանապարհ:
Հայկ Օրդյան (կինոռեժիսոր, պրոդյուսեր) - Էդ խնդիրներից ելնելով է, որ հիմա չեմ կարողանում օր ու ժամ ասել, բայց, կարծում եմ՝ մենք այս տարի իհարկե «Զուլալին» կտեսնենք մեծ էկրանին:
Մինչև «Զուլալիի» մեծ էկրան բարձրանալը, ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրը, Ազգային կինոկենտրոնը նախատեսել է միջոցառումների համալիր ծրագիր: Խորհրդարանը 2019-ին «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարեց՝ ապրիլի 16-ը դարձնելով Հայ կինոյի օր:
Շուշանիկ Միրզախանյան (Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն) - Կոչ արեցինք բոլոր կինոթատրոններին՝ Երևանի և մարզերի, այդ օրը բոլոր կինոթատրոնները ցուցադրեն հայկական կինո, հուրախություն մեզ՝ բոլորը միացան:
Հատուկ ծրագիր ոչ մի կինոթատրոնի չի պարտադրվել, ազատ են ֆիլմերի ընտրության մեջ: «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն ֆիլմեր, որոնց պետական աջակցություն են տրամադրել՝ շեշտը դնելով կարճամետրաժ ֆիլմերի վրա:
Շուշանիկ Միրզախանյան - Ծրագիրը ընտրելուց փորձել ենք ընտրել այն ֆիլմերը, որոնց հեղինակները դեբյուտանտ ռեժիսորներ են, այսինքն՝ նոր սերնդի կինոգործիչներ, փորձում ենք հանդիսատեսին ծանոթացնել նրանց աշխատանքներին:
Վերջին երկու տարում Ազգային կինոկենտրոնը պետական աջակցության նոր կանոնակարգով, բյուջեի 40 տոկոսից ավելին հատկացնում է երիտասարդ ռեժիսորների ֆիլմերին: Դրան զուգահեռ, ֆինանսավորվում են այն նախագծերը, որոնք համատեղ արտադրության են՝ միջազգային ընկերությունների հետ:
Շուշանիկ Միրզախանյան - Երկու տարվա ընթացքում կարողացանք ինչ-որ չափով նոր սերունդ ձևավորել կինոգործիչների, որոնք ունեցան բավականին հետաքրքիր հաջողություններ միջազգային կինոհարթակներում:
«Կինոյի մասին» օրենքը լրամշակվել է և դրվել շրջանառության: Դա կլուծի ոլորտի իրավաֆինանսական կարգավորումները: Թեև համավարակի պատճառով մշակույթի բյուջեն փոքր-ինչ կրճատվել է, այնուամենայնիվ, հայկական ֆիլմերը միջազգային հեղինակավոր փառատոներին մասնակցել են: Համավարակը խանգարեց նաև միջազգային համագործակության հարցում:
Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Բայց անգամ այս պայմաններում պայմանագրեր են կնքվել Պարսկաստանի, միջազգային այլ կառույցների հետ, անկախ սահմանափակումներից, մենք կարողացանք չընդհատել «Ոսկե ծիրան» մեր հեղինակավոր կինոփառատոնի պատմությունը:
Խնդիրներով և հաջողություններով հանդերձ, Հայ կինոյի օրվա նախօրեին, Ազգային կինոկենտրոնը օնլայն հարթակում կկազմակերպի հանդիպում Հայաստանի և սփյուռքի կինոգործիչների հետ: Հարթակին կմիանան՝ Ատոմ Էգոյանը՝ Կանադայից, Ժյուլի Փառատյանը, Նորա Մարտիրոսյանը՝ Ֆրանսիայից, Նորիկ Քեշիշյանը՝ Գերմանիայից, Անահիտ Աբատը՝ Իրանից: Իսկ ապրիլի 17-ից ամեն շաբաթ և կիրակի մշտական ծրագրով մեծ էկրաններին կլինեն ցուցադրություններ՝ փոքրերի համար՝ հին ու նոր հայկական մուլտֆիլմեր: