Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատվաստվել է բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութով: Ինչպես տեղեկացնում է «DW»-ն, 66-ամյա կանցլերը պատվաստվել է Բեռլինի նախկին օդանավակայանում հատուկ սահմանված կենտրոնում, որը ներկայումս աշխատում է բացառապես AstraZeneca-ի հետ:
Կանցլերի կողմից պատվաստումը հաստատել է նրա մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերթը, ով «Թվիթերում» լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է Մերկելի պատվաստման մասին վկայականը: Մամուլի քարտուղարը նաև գրառում է կատարել՝ փոխանցելով կանցլերի խոսքերը:
«Շատ ուրախ եմ, որ այսօր պատվաստվել եմ AstraZeneca պատվաստանյութով: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցում են պատվաստումների քարոզարշավին և բոլոր նրանց, ովքեր իրականացնում են պատվաստման աշխատանքներ: Պատվաստումը համավարակի հաղթահարման բանալին է»,- ասել է Մերկելը: