Ադրբեջանը շարունակում է օկուպացված տարածքներում պղծել և ոչնչացնել հայկական հուշարձանները: Ստեփանակերտում կայացած բողոքի ակցիային Արցախի մարդու իրավունքների պաշտպանը կրկին փաստել է՝ Ադրբեջանը խախտում է զինված ընդհարումների ժամանակ մշակութային ժառանգության միջազգային կոնվենցիան:
Գեղամ Ստեփանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան - Ադրբեջանը նպատակային թիրախավորել է Արցախի տարածքում հայ ժողովրդի կարևորագույն հոգևոր և մշակութային արժեքները, ինչպիսիք են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Տիգրանակերտի հնավայրը և մի շարք այլ հուշարձաններ: Սա կատարվել է միտումնավոր կերպով, հրապարակային կերպով՝ առավել մեծ տառապանք պատճառելու հայ հանրությանը:
Միջազգային հանրության ճնշումն ուշանում է, մշակութային եղեռնը շարունակվում: Արցախցիները հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ բողոքի ակցիա են իրականացրել: Ստեփանակերտի մայր տաճարի բակում հավաքված քաղաքացիները վստահ են՝ պետք է անդադար խոսել Ադրբեջանի անմարդկային քաղաքականության և մշակութային ժառանգության ոչնչացման մասին՝ օգտագործեով բոլոր հարթակները:
Սերգեյ Շահվերդյան, Արցախի մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհրդի նախագահ - Մենք պետք է մեր գործուն հասարակական ճնշումներով նաև պարտադրենք, որ միջազգային համապատասխան կառույցները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն:
Արցախի նկատմամբ իրականացրած ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանը պետք է ենթարկվի պատասխանատվության: Պատմաբան Մելանյա Բալայանն ասում է՝ հաճախ Ադրբեջանը յուրացնում է հայկական մշակութային ժառանգությունը: Օրինակը Տիգրանակերտի Վանքասարի եկեղեցին է:
Մելանյա Բալայան, պատմաբան - 6-7-րդ դարերի հոյակերտ եկեղեցին 1980-ական թվականներին ադրբեջանցիները, այսպես ասած, վերականգնելու պատրվակով ամբողջությամբ խեղաթյուրել են: Եվ, առաջին հերթին, քերել, ջնջել են հայերեն արձանագրությունները:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ արցախցիները միջազգային հանրությանը հիշեցնում են՝ Արցախի մշակութային ժառանգությունը մարդկության սեփականությունն է: