Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը:
Փոխնախարարը հիշեցրեց, որ օրենքում փոփոխությունները նախատեսված են սոցիալ-տնտեսական ցուցանիշների փոփոխությամբ, որոնք վերջին 20 տարում փոխվել են 4-5 անգամ:
«Մի շարք նոր արտոնություներ են սահմանվել, նաև որոշակի դեպքերում պետական տուրքը բարձրացվել է, բայց ուզում եմ դիրքորոշում հայտնել, որ այս բարձրացումները ոչ ավելին են, քան այն երկրները, որտեղ ուսումնասիրություն ենք իրականացրել:
Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ներկացվել են առաջարկություններ, ավելացվել են նոր արտոնություններ, որոնք վերաբերում են զինծառայողների կամ այլ քաղաքացիների ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած կամ մահացած ճանաչելու գործերին: Այդ մարդիկ դատարան դիմելիս պետական տուրքից կազատվեն: Միևնույն ժամանակ պետական տուրքից կազատվեն նաև ռազմական գործողությունների հետևանքով մահացած անձանց ժառանգները, եթե խոսքը կվերաբերի ժառանգության ընդունման գործերին»,- նշեց Դանիելյանը:
Հիշեցնենք՝ նախագիծը խորհրդարանը քննարկել և ընդունել է առաջին ընթերցմամբ: Առաջին ատյանի դատարան դրամական պահանջներով 2 տոկոսի հայցագինը դարձվել է 3 տոկոս, սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Սահմանվել է նաև 15 մլն դրամ Վերաքննիչ դատարանում՝ որպես պետական տուրքի առավելագույն չափ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Փոփոխությունը կատարվել է՝ համեմատելով նվազագույն սպառողական զամբյուղի հետ:
Սահմանվել է նաև դատարաններ դիմելու համար պետական տուրքի նվազագույն չափ՝ 6000 դրամ: Պետտուրքի գործող նվազագույն չափը 1500 դրամ է:
Արբիտրաժի վճռի կատարողական թերթի տրամադրման համար պետտուրք չի գանձվի: Պետական տուրք չի գանձվի դիտորդական կազմակերպությունների կողմից ներկայացված, ընտանիքում բռնության կանխարգելման գործերով հայցերի, հավաքի անցկացման վերաբերյալ համայնքի ղեկավարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դիմումների դեպքում: