Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր նախարարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության շուրջ տասը պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների: Նրանք Հայաստանում են՝ տեղում ծանոթանալու պետական կառավարման տարբեր ինստիտուտների աշխատանքին՝ գիտելիքներն ու ձեռք բերած փորձը Արցախում ներդնելու և ի նպաստ Արցախի հզորացման ծառայեցնելու համար։
Հանրային ծառայողների հարցերի գերակշիռ մասը վերաբերել են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների առնչությամբ ձեռնարկվող միջազգային իրավական գործընթացներին և Հայաստան-Արցախ պետական մարմինների միջև համագործակցության խորացմանը։
Առաջին հարցի առնչությամբ նախարար Բադասյանը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները, այնուհետև անդրադարձել իր կողմից Արցախ կատարված աշխատանքային այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հայկական երկու պետությունների պետական մարմինների աշխատակիցների միջև կապերի ամրապնդմանն ու համատեղ ուժերով ոլորտային բարեփոխումների իրականացմանը։
Նշենք, որ Արցախի Հանրապետության հանրային ծառայողների այցը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն կազմակերպվել է Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ: