«Արմավիր» ՔԿՀ-ում շախմատի Հայաստանի առաջնությունն է: Տախտակի մոտ ուժերն են չափում դատապարտյալներ՝ բոլոր քրեակատարողականներից: Մինչև այստեղ հասնելը՝ միմյանց հետ մրցել են իրենց կալանավայրերում: Ցմահ դատապարտված Արտակ Ճաղարյանն աշխատում է որևէ առաջնություն բաց չթողնել: Ինտելեկտուալ մարզաձևը համարում է անազատությունը հեշտ հաղթահարելու լավագույն տարբերակը:
Արտակ Ճաղարյան, դատապարտյալ - Մրցումները հետաքրքիր են, մոտիվացնում են դատապարտյալներին՝ զբաղվել շախմատով: Ստրատեգիական մտածելակերպ է ձևավորում, հանգստություն է տալիս:
Առաջնությունը քրեակատարողական վարչության և շախմատի ակադեմիայի համատեղ ուժերով է: Խաղը վարում է միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը: Կալանավայրերում նույնիսկ շախմատի ուսումնական գործընթաց են սկսել: Մեկնարկը հեռավար ուսուցմանբ տրվել է «Նուբարաշենից»:
Արտակ Ղազարյան, «Արմավիր» ՔԿՀ պետ - ՔԿՀ-ում մարդն ինքնուրույն որոշում կայացնելու ունակությունները կորցնում է, շախմատն օգնում է, որ մտածի, գործի: Շախմատից հետո կարող են հասկանալ, որ ավելի լուրջ արժեքներ կան, պետք չէ հանցանք գործելով ապրել:
Նարեկի համար շախմատն ավելին է, քան հոբբին. մանկուց է խաղացել: Ընտրել է իրավաբանի մասնագիտությունը, բայց ապրում է շախմատով: Մրցաշարերին մասնակցում է մարզական նվաճումների համար:
Նարեկ Հովակիմյան, դատապարտյալ - Ինձ համար հետաքրքրիր է առաջնություններին մասնակցելը, 6 տարեկանից խաղում եմ, հիմա էլ ուզում եմ մրցանակային տեղ զբաղեցնել
Ցմահ դատապարտված Ժյուլվեռն Հովհաննիսյանը մինչև այստեղ հայտնվելը տարված է եղել մտքի խաղով: Ասում է՝ սև ու սպիտակ տախտակի մոտ հիմնականում հաղթող է եղել, իսկ կյանքում՝ վրիպեց:
Ժյուլվեռն Հովհաննիսյան, դատապարտյալ - Շախմատի քայլի մեջ երևի կար բախտի հարցը:
Նորայր Գրիգորյան, «Արմավիր» ՔԿՀ գլխավոր մասնագետ, հոգեբան - Մեր խնդիրն է, որ կալանավորի մոտ կայուն լինի հուզական վիճակը: Շախմատն այն լավագույնն է, որ օգնում է մտածել:
Պայքարը լարված էր: Որոշվում են ոչ միայն հաղթողները, այլև ձևավորվում է Հայաստանի հավաքականը՝ դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:
Սմբատ Լպուտյան, ՀՀ շատխմատի ակադեմիայի նախագահ - Աշխարհի առաջնությունը հոկտեմբեր ամսին է, իսկ մայիսին կոնֆերանս՝ աշխարհում, 4 երկիր է մասնակցելու՝ Հայաստանն այդ թվում, կընտրենք թիմը, կաշխատենք նրանց հետ:
Մրցաշարի 6 հաղթողներից էլ կազմավորվեց թիմը՝ աշնանն աշխարհի խաղերին մասնակցելու համար: