Հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջին միացավ նաև Փարիզը: «Շարժում» ընկերակցության հրավերով, ֆրանսիաբնակ հայերը՝ Փարիզի հանրահայտ Պլաս դե լա Ղեպուբլիք հրապարակից աշխարհին կոչ են արել միջամտել հայ ռազմագերիների ազատման խնդրին:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ընդգծել են՝ Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնում հայ ռազմագերիներին, այլև խախտում է Ժնևի կոնվենցիայով ամրագրված՝ գերիների նկատմամբ վարվեցողության կանոնները:
Մասնակիցները կոչ են արել Ֆրանսիային՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, օգտագործել ամբողջ հեղինակությունը՝ ռազմագերիների վերադարձը և մարդասիրական դրույթների իրականացումն ապահովելու համար:
Լորիս Թուֆանյան («Շարժում» ընկերակցության ակտիվիստ) - Տասնյակ քաղաքներում անցկացվում է ակցիա, որի նպատակն է լսելի դարձնել մեր ձայնը և ուշադրությունը ուղղել հայ ռազմագերիների հարցին: Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպանական նկրտումները, դրա ապացույցն է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը:
Դրո Մոմաջյան («Շարժում» ընկերակցության անդամ) - Մենք այստեղ ենք նաև՝ Ալիևի ֆաշիզմը դատապարտելու և կրկին վերհանելու համար: Ալիևը ցեղասպանություն է ցանկանում գործել, մենք հիշեցնում ենք, որ Արցախի ժողովուրդը անկախ ապրելու իրավունք ունի, և որ դադարեցվի ագրեսիան նրանց նկատմամբ, մենք շատ լավ գիտենք, նրանց իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին: