Ապրիլի 16-ն արդեն երկրորդ տարին նշվում է որպես Հայ կինոյի օր։ Սակայն արդյոք ոլորտում առկա խնդիրներն ու բացերը լուծվում են միայն «կինոյի օր» սահմանելով, թե ավելի արմատական քայլեր են հարկավոր։ Ի՞նչ պետք է անի պետությունը, որքանո՞վ է փոխվել կինոշուկան՝ մերօրյա կատակլիզմներին բախվելուց հետո։ Ներկայի խնդիրները վերլուծելու համար, այնուհանդերձ, հարկավոր է վերադառնալ անցյալ։
Հայ կինոյի պատմությունը և ժամանակակից զարգացումները հասկանալու հարցում ինձ օգնության հասավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, կինոգետ Կարեն Ավետիսյանը, չնայած հարցազրույցներից մեկում կարդացել էի, որ իրեն կինոգետ չի համարում․ «ես ինչ-որ տարբեր բաների արանքում եմ»՝ ասում է Կարենը։ Հենց այս «ինչ-որ բաների արանքում» էլ փորձեցինք գտնել ճշմարտությունը։
«Հայ կինոյից խոսելիս պետք է անպայման նշել Համո Բեկնազարյանի անունը՝ մեծ մտավորականի, որը մեզ հնարավորություն տվեց համահունչ քայլել համաշխարհային կինոյին: Շատ երկրներ ունեցել են իրենց կինոյի հայր հիմնադիրներին՝ Էյզենշտեյն, Դեյվիդ Ուորկ Գրիֆիթ և ուրիշները․ բոլոր կինեմատոգրաֆներում կային խարիզմատիկ անձինք, որոնք ինչ-որ մեծ բանի սկիզբ դրեցին»:
Ինչպես ասում է Կարեն Ավետիսյանը՝ եթե հայ կինոյի մեծ ընթացքը փորձենք փուլերի բաժանել, ապա ոչ պակաս կարևոր են 60-ականները՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Խորհրդային Հայաստանում:
«Այսօր աներևակայելի, բայց հաճելի է պատկերացնել, որ 1966 թ․ Կաննի կինոփառատոնում ունեցանք հայկական ֆիլմ՝ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ը, որը կարևոր փուլային ազդանշան էր՝ մարդն ամփոփվեց ոչ միայն բովանդակության, այլև վերնագրի մեջ»:
Կարենը բարձրաձայնում է ևս մի կարևոր հարց՝ ժառանգության պահպանումը։ Այս հարցում, նրա կարծիքով, շատ է վերացական, պոետիկ, կենացային հռետորաբանությունը, ու շատ ավելի քիչ՝ ֆունկցիոնալ, ռազմավարական քայլերը: Նմանատիպ քայլերից մեկն է համարում Առաջին ալիքով ցուցադրվող «Չտեսնված կինո» նախագիծը։
«Հիմա Ազգային կինոկենտրոնի կինոյի ժառանգության բաժինն էլ հենց դրանով է զբաղված։ Եթե հաջողվի, բոլորս նոր անուններ կիմանանք, նոր ֆիլմեր կդիտենք: Կինոն մի հետաքրքիր հատկություն ունի. այն ժամանակի ընթացքում հնանում է, բայց քանի որ իր ժամանակի ցայտուն դոկումենտն է մնում, մի օր վերադառնում ես, սրբում վրայից ժամանակի փոշին, ու այն սկսում է քեզ հետ խոսել ու պատմել իր ժամանակի մասին:
Իսկ պետության ամենաառաջին ֆունկցիան և օգնությունը կարող է լինել չխանգարելը ազատ արվեստի ստեղծմանը: Այն նաև պիտի օգնի հեղինակային կինոյին, «հրի» պատանիներին՝ ավելի մեծ ճանապարհի մեկնարկին: Այստեղ էլ դինամիկա կա․ ունենք, օրինակ՝ «Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմը, որը ստացել է իր փոքր աջակցությունը պետությունից»:
Հայ կինոյի պատմության համատեքստում առանձնանում են նաև 80-ականներն ու 90-ականները, որոնք նշանավորվել են, մասնավորապես, Վիգեն Չալդրանյանի, Սուրեն Բաբայանի, Հարություն Խաչատրյանի տարբերվող կինոլեզվով ու մտածողությամբ: Կարեն Ավետիսյանի խոսքով՝ երբ, ասենք, 2010-ականների կեսերից համաշխարհային կինոյում թրենդային դարձավ վավերագրության և խաղարկային ֆիլմերի համակցումը, Հարություն Խաչատրյանն արդեն ուներ նման նմուշներ՝ նկարած դեռ տասնյակ տարիներ դրանից առաջ:
Կարենը նկատում է նաև զարգացման փոքր ու հետաքրքիր միտումներ։ Ավելի ակտիվ ու համարձակ են դարձել կին ռեժիսորները, փոխվում է կնոջ կերպարի ընկալումը՝ որպես դրամատուրգիայի առանցքային կերպարի։
«Մենք կարողացել ենք հայ կինոյին բնորոշ նահապետականությունը հաղթահարել: Ժամանակին կինը, որպես կանոն, ավելի ֆոնային դեր էր խաղում, ավելի բուտաֆորիկ, հաշվի չէին առնվում նրա զգացմունքները, ներաշխարհը: Հիմա ունենք, օրինակ, «Եվա»-ն՝ առաջին հայ-իրանական լիամետրաժ համատեղ արտադրությունը, որի պատմության առանցքում կին հերոսուհին է, ռեժիսորը Անահիտ Աբադն է, գլխավոր դերասանուհին՝ Նարինե Գրիգորյանը: Կամ, օրինակ՝ Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը», Սիլվա Խնկանոսյանի «Վախենալու ոչինչ չկա»-ն ու այլ ֆիլմեր։ Պետք է նշել նաև Նորա Մարտիրոսյանի՝ Կաննի փառատոնի պաշտոնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում 2020-ին ընտրված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը․ սա հետանկախության շրջանի առաջին մեծ դեպքն էր»:
Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես կինոոլորտը չէր կարող անմասն մնալ համավարակին։ 2019-ից անընդհատ շրջանառվում էր մի միտք, ավելի շուտ՝ հարց՝ կմեռնի արդյոք կինոն, թե կփոխակերպվի ու այլևս նույնը չի լինի։ Դիմենք վիճակագրությանը․ ըստ Մոսկվա կինոթատրոնի տրամադրած տվյալների՝ 2019-ի համեմատ 2020-ին այցելուների թիվը զգալիորեն նվազել է։ 2019-ին նաև բավականին շատ էին տեղական արտադրության ֆիլմերը, ինչը չի կարելի ասել 2020-ի մասին։ «Սինեմա Սթարի» դեպքում էլ պատկերը նույնն է․ համավարակով պայմանավորված այցելությունները նվազել են։ Եթե 2019-ին կինոթատրոնը ցուցադրել է 8 հայկական ֆիլմ, ապա 2020-ին արդեն՝ ոչ մի հատ։ Պետք է, սակայն, նշել, որ ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական ֆիլմերի դեպքում շատ պրեմիերաներ տեղափոխվել են 2021 թ․։ Ամփոփելով՝ հայ հասարակությունն ավելի շատ նախընտրում է նայել հայկական արտադրության ֆիլմեր, դրանք նաև ծածկում են կինոթատրոնների շահույթի զգալի մասը։
«Փորձը ցույց է տալիս, որ կինոյի նման մեծ արվեստները գրեթե չեն մահանում: Ստեղծարար մտքի համար սահմանափակումները չեն կարող խոչընդոտ լինել»,- համոզված է Կարենը։
Հայաստանում կյանքի բնականոն ընթացքը խաթարեց նաև պատերազմը, ինչի հետևանքով, հասկանալիորեն, ճնշվեցին բոլոր ոլորտները, այդ թվում նաև՝ արվեստը։
«Մշակույթը հիմա մեզ համար շատ առանցքային դեր պիտի ունենա։ Մենք միշտ խոսում ենք ժառանգության մասին, որը մեզնից խլում են, բայց դասեր չենք քաղում: Մեր անցյալի հենքերն ամուր են՝ Կոմիտաս, Նարեկացի, Ազնավուր։ Այդ հենքի վրա կարելի է հենվել, ինչը մենք բարեհաջող անում ենք, բայց շատ քիչ բան ենք անում, որ ունենանք նոր Կոմիտաս, նոր Նարեկացի ու Ազնավուր: Իսկ մեր փրկությունը դրա մեջ է»։
Խոսեցինք նաև գրաքննությունից, որի բացակայությունը, գոնե թվացյալ, պիտի նպաստի նոր տաղանդների բացահայտմանն ու գլուխգործոցների ստեղծմանը։ Սակայն փորձը, կարծես, այլ բան է ցույց տալիս։
«Թեզերից մեկն ասում է, որ ցենզուրան ու ճնշումներն օգնում են, որ ինչ-որ մեծ բան դուրս գա՝ այդ ալիքին հակառակ։ Օրինակ Լարս ֆոն Թրիերը համեմատում է Տարկովսկուն, որին ցենզուրան հաճախ ճնշում էր, ու եվրոպական ազատ շրջանի ռեժիսորներին՝ հօգուտ Տարկովսկու: Բայց կան նաև օրինակներ ազատ պետությունների, որտեղ ստեղծվել են շեդևրներ:
Մեր կինոն մոտավորապես այնպիսին է, ինչպիսին մենք ենք․․․»