Պետք է լինել համարձակ, ուժեղ և ասել՝ վերջին 30 տարիներին հետևողական, համառ, նպատակասլաց քայլերով գնալու արդյունքն է, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանն ունեցավ հաջողություն՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Ըստ պատգամավորի՝ քաղաքականության կանոնները թույլ չեն տալիս խոսել վրեժի մասին, «արյան դեմ՝ արյուն» կոչեր հնչեցնել: «Ես դա չեմ պատրաստվում անել: Փաստ չէ, որ նոր հաջողությունների ու հաղթանակների համար պարտադիր պետք է արյուն թափենք: Նոր հաղթանակներ մենք կունենանք, բայց ոչ թե արյունով, այլ՝ մտքով: Ասեմ ավելին՝ ես հավատում եմ, որ ապագայում հայ մարդու, հայ ժողովրդի, Հայաստան պետության մտքի ու գաղափարների շնորհիվ մոլորակի այլ հատվածներում, այլ ժողովուրդների միջև գուցե պատերազմներ կանխվեն: Սա երազանք է, որի հետևից պետք է գնալ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ դրան հասնելու համար պետք է տարրական շատ բաներ փոխել: Ըստ նրա՝ մենք դադարել ենք իրար վստահելուց: «Բոլորը բոլորին են համարում թշնամի, բոլորը բոլորին են դավաճան համարում»,- ասաց Հայրապետյանը՝ կոչ անելով վերականգնել վստահությունը:
Նա նաև ընդգծեց, որ արտահերթ ընտրություններից հետո նոր իշխանության գլխավոր խնդիրը լինելու է ապագայի հանդեպ հույսի վերականգնումը: