Ս․թ․ ապրիլի 15-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Դանգ Մին Խոյի հետ։
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Դեսպան Կաժոյանը զրուցակցին ներկայացրեց 2020 թ. Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, անդրադարձ կատարելով հումանիտար հարցերին՝ մասնավորապես ռազմագերիների վերադարձի և հայկական մշակութային հուշարձանների պահպանման և այլ հարցերին:
Դեսպանը հատուկ անդրադարձավ օրերս Բաքվում բացված «հաղթանակի պուրակի» թեմային և Ադրբեջանում շարունակվող հակահայկական քարոզչությանն ու այդ «պուրակի»՝ մարդու իրավունքներն ու արժանապատվությունը նվաստացնող բնույթին: Դեսպան Կաժոյանը այս քայլը որակեց որպես հերթական անընդունելի հակահայկական դրսևորում Ադրբեջանի և այդ երկրի նախագահի կողմից:
Պարոն Կաժոյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վրա, ինչը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին։
Անդրադառնալով 2020 թ. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմին՝ փոխնախարար Դանգ Խոյը նշեց, որ Վիետնամը մշտապես հետևել է թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ պատերազմից հետո տեղի ունեցող իրադարձություններին, նշեց որ Վիետնամը միշտ էլ կարևորել է ազգերի ինքնորոշման իրավունքը և հույս հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կկարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, առանց ուժի կիրառման: ԱԳ նախարարի տեղակալը ռազմագերիների առնչությամբ կարևորեց ռազմագերիների նկատմամբ հարգանքը և նրանց մարդու իրավունքների պաշտպանությունը:
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը շնորհավորեց ԱԳ նախարարի տեղակալին՝ Ռուսաստանի Դաշնությունում Վիետնամի Արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ցանկանալով նրան բարի երթ` նոր պաշտոնում: