Արաքս Պետրոսյան - Էս պահին ես կտրում եմ թղթերը, որոնցով պիտի սարքենք տուփերը։ Կտրած թղթերը կտամ Նանեին, Նանեն կսարքի տուփերը։ Անին և Մելինեն տոպրակների մեջ են լցնում ուրցը։ Մյուս Անին կտրում է լոգոները, և վերջում մեր աշխատանքի արդյունքում ստացվելու են մեր Արեգնահամի թեյերը։
Սահմանամերձ Չինարի գյուղում երեխաները սեփական բիզնեսն են սկսել։ Խոտաբույսերը հավաքելուց մինչև փաթեթավորում՝ ամեն ինչ սեփական ուժերով են կազմակերպում: «Արեգնահամ» թեյերի առաջին եկամուտն արդեն ստացել են ու դպրոցի համար տնկիներ են առել:
Անի Ոսկանյան - Մենք տուփերի մեջ դնում ենք նկարներ, որը նկարում է մեր ընկեր Արմանը: էստեղ երևում են Այգեձորի լեռները, բայց նկարված է Չինարիից, մեր գյուղի խորհրդանիշն է՝ Խորանաշատը, այս նկարում մեր դպրոցն է: Նկարները դրվում են նրա համար, որ պատվիրատուները ճանաչեն Չինարին:
Արեգնահամ թեյը Չինարիի միակ բրենդը չէ, փոքրիկ գործարարների համար Չինարի արտ՝ Էջանշանների և Չինարես՝ ձեռագործ աշխատանքների բիզնեսները մրցակիցներ չեն:
Նարե Վանյան - Հիմա 16 պատվեր ունեմ, 8-ը վաճառել եմ, 65 հազար աշխատել եմ։ Քանի որ ջութակի եմ գնում, ուզում եմ ջութակ առնել:
Ասպրամ Պետրոսյան - Մեր բիզնես նախաձեռնությունն արդեն երեք ամսվա կյանք ունի, ու այս երեք ամիսների ընացքում մենք 50-100 էջանշան ենք վաճառել ու մոտավոր 50 հազար շահույթ ենք ունեցել։
Հոբբիներն ու տաղանդները նաև եկամտի աղբյուր դարձնելու միտքը Չինարիի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մարիամ Գրիգորյանինն է: Ասում է՝ սարքավորումներ և նյութեր ձեռք բերելուց հետո երեխաները սկսել են հարյուրավոր պատվերներ ստանալ:
Մարիամ Գրիգորյան (Չինարիի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի) - Ինչո՞ւ հեռավոր գյուղերում մենք չունենանք նման նախաձեռնություններ: Եթե ունենք ստեղծարար միտք, պետք է հնարավորություն տալ և ներուժը օգտագործել գեղեցիկ գործեր ստեղծելու համար։ Երեխաները բիզնեսի համար անհրաժեշտ գիտելիք են ձեռք բերում, օրինակ՝ ինչպես նամակագրություն վարել, ինչպես վաճառքն իրականացնել, փոստային առաքման հմտություններ:
Ասպրամ Պետրոսյան - Իրականում մենք սա համարում ենք ոչ ֆորմալ կրթության ձև՝ կրթություն դպրոցից դուրս։ Ու սրանով մենք ծանոթանում ենք նոր ոլորտի հետ: Սեփական բիզնեսը նաև մտածելակերպի փոփոխության միջոց է, որ սահմանապահ Չինարի գյուղի մասին լսելիս մարդիկ առաջինը կրակոցների ու թշնամու մասին չմտածեն:
Հեղինակ՝ Լիլիթ Սարգսյան