Խորհրդարանի քննարկման թեման այսօր կառավարության 2020 թվականի ծրագիրն էր: Երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսեց վիրավոր զինծառայողների աջակցության ծրագրերի մասին, «Լուսավոր Հայաստանից» Սրբուհի Գրիգորյանը նշեց՝ այդ գործընթացում բազմաթիվ խնդիրներ կան: Որ արդարություն լինի, Գրիգորյանն առաջարկեց ֆինանսական աջակցությունը ոչ թե բուժման օրերի քանակով սահմանել, այլ վիրավորման ծանրությամբ ու բժշկի եզրակացությամբ:
Սրբուհի Գրիգորյան, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր - Հիմա այնպես է ստացվում, որ ինչ-որ չափանիշ է սահմանված՝ 3 օր և ավելի ստացիոնար բուժում ստացողներն այդ աջակցություններից օգտվում են, իսկ այն քաղաքացիները, ովքեր հայրենասիրության դրդրմամբ չեն սպասել անգամ իրենց բուժմանը և մեկնել են առաջնագիծ, դուրս են մնում այդ ծրագրերից:
Մհեր Գրիգորյան, ՀՀ փոխվարչապետ - Այդ դեպքում կունենանք շահառուների անկառավարելի շրջանակ և ուղղակի հնարավոր չի լինի ո՛չ ֆինանսական, ո՛չ կազմակերպչական իմաստով իրականացնել այդ միջոցառումը:
Փոխվարչապետը նաև անդրադարձավ ԵԱՏՄ շրջանակում նոր որոշումներին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հիշեց Թուրքիայից ներմուծվող ապրանքների՝ մաքսատուրքի արտոնությունից զրկելու փաստն ու հետաքրքրվեց, թե Հայաստանի մշակվող արդյունաբերության ոլորտը կարո՞ղ է արդյոք բավարարել պահանջարկը:
2020-ի ընթացքում պետական գույքի օտարումից ստացվել է շուրջ 1 մլրդ 300 միլիոն դրամ՝ նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, շեշտեց՝ այս տարի խնդիր են դրել էականորեն մեծացնել պետգույքի վաճառքի տեմպերը: Նախարարի խոսքով՝ օտարումից 930 միլիոնը փոխանցվել է պետական, մնացածը՝ համայնքային բյուջեներ: Սուրեն Պապիկյանը հավելեց նաև, որ նախորդ տարի համայնքներում իրականացված 570 սուբվենցիոն ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 14.3 միլիարդ դրամ:
Սուրեն Պապիկյան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար - Ես չեմ կարող այս հարթակն օգտագործելով՝ չնշել միավորված համայնքերի արդյունավետության մասին: Միավորման արդյունքում ավելանում է նրանց տնտեսական պոտենցիալը, համայնքային բյուջեն, և այդ կարողությունները ծառայում են ի նպաստ համայնքի զարգացման:
Հայկական ավիաընկերության ստեղծման ուղղությամբ քայլեր են արվում՝ ասաց Պապիկյանն ու շեշտեց՝ մոտ երկու ամսից հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ գործակցությամբ նոր ընկերություն կմտնի ավիաշուկա: «Լուսավորի» քարտուղարն էլ նախարար Պապիկյանից հետաքրքրվեց նաև Հյուսիս-հարավի ճակատագրից: Հարցրեց՝ ինչո՞ւ են շինարարական աշխատանքներն ուշանում:
Գևորգ Գորգիսյան, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր - Բետոնե ծածկը ասֆալտով փոխելը, ենթադրում եմ, ինքնարժեքի կամ աշխատանքի ծավալի ու գնի փոփոխության է բերելու, ու այստեղ խնդիր եմ տեսնում, եթե ժամանակին տենդերներն արվել են այլ պայմաններով, հիմա կարո՞ղ են լինել կոռուպցիոն ռիսկեր:
Սուրեն Պապիկյան - Գիտեք, կոռուպցիոն վտանգ միշտ կա, եթե մարդիկ հակված են մտնել կոռուպցիայի մեջ: Այսինքն, եթե դուք տեսնում եք այդպիսի վտանգներ, եթե դուք պատրաստ չեք դիմել դատախազություն, ես սիրով կդիմեմ: Հյուիս-հարավի Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի 42 կիլոմետրանոց հատվածի շինարարական մեկնարկի մասին: Խոսքը վերաբերում է փորձնական ասֆալտե շերտի տեղադրմանը, շուրջ մեկ շաբաթ լաբորատոր աշխատանքների արդյունքում մենք կիմանանք որակի մասին, այնուհետև թույլ կտանք ընկերությանն սկսել ասֆալտապատման գործընթացը:
Պատգամավոր Արման Բաբաջանյանը նախարար Պապիկյանին հարցրեց նոր ատոմակայանի կառուցման հնարավորության մասին, հիշեցրեց՝ դեռ 90-ականներին այս հարցի հետ կապված քննարկումներ են եղել Ամերիկայի ու Ֆրանսիայի կառավարությունների հետ: Հայաստանը պատրա՞ստ է բանակցել այլ երկրների հետ, թե՞ միայն Ռուսաստանի:
Սուրեն Պապիկյան - Դա մեր կառավարությունից չէ, որ կանգնելու է: Շինարարական աշխատանքներն այդ էտապում են, կուլմինացիոն փուլում են և, բնականաբար, ռեակտորն այդ ժամանակ չի կարող գործել: Այո, պլանավորում ենք նոր ատոմակայան ունենալ, այո՛, բանակցում ենք ՌԴ գործընկերների հետ, նաև այսօր կամ վաղը կվերադառնան ատոմակայանի տնօրենը և իմ տեղակալը: Առաջարկներ կան նաև այլ երկրներից:
Պատգամավոր Թագուհի Թովմասյանն Առողջապահության նախարարին հարց ուղղեց պատվաստումների մասին: Ասաց՝ պատվաստանյութերից մեկի՝ Աստրազենեկայի ժամկետը 1.5 ամսից լրանալու է: Նախարարը հակադարձեց.
Անահիտ Ավանեսյան, ՀՀ առողջապահության նախարար - Նշեմ, որ բոլոր Քովիդ պատվաստանյութերը ունեն շատ կարճ օգտագործման ժամկետ: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Դեռ բավարար հետազոտություններ չկան ժամանակային առումով և ընտրվել է միջինը 6 ամիս ժամկետ բոլոր պատվաստանյութերի համար: Այն, որ Հայաստան ժամանած Աստրազենեկա պատվաստանյութն ունի երկու ամսին մոտ օգտագործման ժամկետ, լրիվ բավարար, սովորական ընթացք է, և մենք նաև հետաքրքրվել ենք, թե այլ երկրներ ի՞նչ ժամկետով են ստացել և միջինը մեկ ամսից մինչև երեք ամիս է եղել:
Որ վարակի տեմպերը նվազեն, Անահիտ Ավանեսյանը նորից հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել՝ հակառակ դեպքում ստիպված կլինենք կրկին անցնել համատարած լոքդաունի: