«Մենք ստիպված ենք ընտրություն կատարել բարու և չարի միջև, ուզում եք՝ լույսի և խավարի»,- հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ ՀՀ կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ: Նա շեշտեց՝ ամենևին չի խոսում առաջիկա ընտրություններին այս կամ այն ուժին ընտրելու մասին, այլ խոսքը մտածողության, մարդկային տեսակի մասին է, ճշմարտության, իրականության հետ առերեսվելու, այլ ոչ թե կեղծիքով սնվելու, հետո հուսալքվելու և թևաթափ լինելու մասին է:
«Թվում էր՝ հստակ արձանագրել ենք մեր ընտրությունը, մերժելով թալանը և սուտը, բայց այսօրվա իրողություններն այն մասին են, որ ՀՀ-ն ու Արցախը երկու տասնամյակ կեղեքած և հայ ժողովրդին ամեն օր պարտության տարած տեսակի ստվերները մինչ այսօր հետապնդում են մեզ: Եվ որքան էլ մեզ համար տհաճ կամ արդեն հոգնեցնող թվա նախկինների մասին խոսելը, ստիպված ենք դա անել, որովհետև չենք կարող խոսել, երազել կամ պլանավորել մեր ապագան, երբ հենց հիմա կան շրջանակներ, որոնք անում են ամեն ինչ՝ մեզ բոլորիս հնարավորինս երկար ցավի ու դառնության մեջ պահելու, հետո այդ ցավով սնվելու համար»,- նշեց նա:
«Ստեցիք մի հարցում, կեղծեցիք մեկ այլ հարցում, մեր հիշողությունը ո՞նց եք կեղծելու»,- հարցրեց Արթուր Հովհաննիսյանը՝ հիշեցնելով 2004 թ. Բաղրամյան պողոտայում այն ժամանակվա ընդդիմության դեմ Քոչարյանի իշխանության բռնությունները: «Այդ տարիներին հանցագործների այդ տեսակը խաղասեղանին որպես ապագա դրել էր իմ ու քո ապագան, իմ ու քո երազանքները: Եվ մինչև հասկացանք, հասունացանք, մեծ մասն արդեն տանուլ էին տվել»,- նշեց նա:
Հովհաննիսյանը նաև նշեց, որ այժմ, ուզենք թե չուզենք, պետք է ընտրենք բարու և չարի միջև, որպեսզի անխոչընդոտ շարժվենք դեպի ապագա: