Կառավարության նիստի ամենաքննարկվող հարցը Նոր տարվա հանգստյան օրերը կրճատելու նախագիծն էր։ Փոփոխության առաջարկն Էկոնոմիկայի նախարարն է բերել։ Վահան Քերոբյանը շռայլություն է որակում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր ունենալը, ասում է՝ դրանից տուժում է տնտեսությունը։ Գերատեսչությունում հաշվարկել են, եզրահանգել՝ աշխատանքային է պետք դարձնել հունվարի 2,3,4,5 և 7-ը։
Առաջարկն ավելի համոզիչ դարձնելու համար Քերոբյանը թվային տվյալներ ներկայացրեց, ասաց, եթե այդ 5 օրն աշխատանքային դառնա, ՀՆԱ-ն տարեկան կաճի 88 միլիարդ դրամով։ Իսկ երբ հաշվել եք, քաղաքացիների հանգստի իրավունքի մասին մտածե՞լ եք՝ Քերոբյանին առարկեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Առաքելյանը դեմ է նախագիծն այս տեսքով ընդունելուն, ի հեճուկս էկոնոմիկայի նախարարի բերած ցուցանիշների՝ պնդում է՝ հանգստյան օրերին տնտեսությունը չի մահանում։
Տնտեսությանն այս ճյուղերին ոչ թե օգուտ, այլ վնաս եք տալու՝ պնդեց Առաքելյանը։ Քերոբյանն էլ հակադարձեց՝ մանրամասն հաշվարկ են արել, հայտարարեց՝ պատրաստ է պաշտպանել իրենց հիմնավորումները։ Երկու նախարարի բանավեճին միացավ գլխավոր ֆինանսիստը, նկատեց՝ թվային չոր հաշվարկների հետևից ընկնել պետք չէ։
Երկար հանգստանալուն դեմ է նաև Կառավարության աշխատակազմի ղեկավարը, ասում է՝ պետք է կրճատենք որքան հնարավոր է շատ։
Փոփոխությունից խուճապի մատնվել պետք չէ՝ հորդորեց վարչապետն ու հիշեց, որ Ամանորի հանգստյան օրերը կրճատելու թեման վերջին տարիներին շատ հաճախ է քննարկվում։ Հիմա հարցը խոսակցությունից նախագիծ է դարձել, բայց, ըստ Փաշինյանի, սա ամենևին քաղաքական վերջնական որոշում չէ։ Այստեղ գործ ունենք ավանդույթների, հանրային տրամադրությունների հետ ու հարցը միայն տնտեսական չէ։ Առաջարկեց քննարկում սկսել, դնել շրջանառության մեջ, հարկ եղած դեպքում խորհրդարանում փոփոխել կամ ընդհանրապես չընդունել։
Քննարկման ավարտին Մեսրոպ Առաքելյանը նորից առաջարկեց 5 օրվա փոխարեն 3-ը կրճատել՝ հունարի 4, 5-ն ու 7-ը դարձնելով աշխատանքային, որ և՛ տնտեսությունը չտուժի, և՛ աշխատող մարդիկ հանգստանան։ Հարցը քվերակության դրվեց, Մեսրոպյանը դեմ քվեարկեց։
Գործադիրի մյուս հարցը մարզերում ապրող երիտասարդներին էր վերաբերում։ Նրանց ինքնազարգացմանը նպաստելու, մշակութային-ժամանցային միջավայր ապահովելու համար դեռ անցած տարի Կառավարությունը դրամաշնորհի մրցույթ էր հայտարարել, հաղթողներ որոշել, բայց մարզերում նախատեսված 6 կենտրոնն այպես էլ չէր բացվել նախ Քովիդի, ապա պատերազմի պատճառով։ Կրթության նախարարն առաջարկեց 6 կազմակերպությունից մեկին տալ տարածք, մյուսներին՝ գումար։
Վարչապետը նախագծի նախապատմությունը հիշեց՝ Կառավարությունը շուտ էր նկատել, որ մարզերում չկան կենտրոններ, որտեղ չպարտադրող միջավայրում երիտասարդները կարող են քննարկումներ կազմակերպել։ Փաշինյանի խոսքով՝ Երևանում ու Գյումրիում այս մշակույթն արդեն ձևավորված է, եղածի աշխարհագրությունն ընդլայնելու կարիք կա՝ առանցքում դնելով բովանդակությունը, ինքնակրթությունն ու զարգացումը։
Գործադիրը մեկ այլ նախագծով էլ իր պահուստային ֆոնդից Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրեց 7 միլիարդ 548 հազար դրամ։ Գումարն ուղղվելու է պատերազմից տուժած արցախցիների ապրի համար աջակցության ծրագրի իրականցմանը։ Մարտից հունիսը ներառյալ Արցախի բոլոր քաղաքացիները, բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց, ամսական ստանալու են 68 հազար դրամ։ Ոլորտի նախարարի խոսքով՝ նախորդ ամիս ավելի քան 101 հազարի արցախցի արդեն ստացել է օգնություն, նաև աշխատանք են տանում ծրագրից դուրս մնացածների խնդիրը լուծելու համար։