Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ անդրադարձավ «Հյուսիս-հարավ» ճանապարհային ծրագրի աշխատանքների ընթացքին:
Նա նշեց, որ 2020-ը բարենպաստ չէր, բայց տարեվերջին հաջողվեց չինացի գործընկերներին, այնուամենայնիվ, բերել Հայաստան, քանի որ համավարակով պայմանավորված՝ դժվարություններ կային՝ չկային չվերթեր:
«Մեկնարկել է «Հյուսիս-հարավի» Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի 42 կմ-անոց հատվածի շինարարությունը: Խոսքը փորձնական ասֆալտե շերտի տեղադրման մասին է: Շուրջ մեկ շաբաթ լաբորատոր աշխատանքների արդյունքում մենք կիմանանք որակի մասին, այնուհետև թույլ կտանք ընկերությանը սկսել ասֆալտապատման գործընթացը»,- ասաց Պապիկյանը:
Նախարարի խոսքով՝ այս տարվա աշնանն արդեն կունենանք Թալինից մինչև Գյումրի 42 կմ-անոց հատվածի մեկ ուղղությամբ ասֆալտապատ ճանապարհ:
«Ինչ վերաբերում է մյուս հատվածին, ապա արբիտրաժային գործընթաց կա: Կա նաև միջազգային ընկերություն, որն այս պահին գնահատական է տալիս, թե ինչ աշխատանք է արվել, որոնք են բաց մնացել, և ևս մեկ կտոր 8 կմ-անոց հատված, որը շրջանցում է Ագարակի պատմամշակութային հուշարձանը, դրվում է մրցույթի:
Կառավարության կողմից որոշում կա տալ մեկնարկ «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի հարավային հատվածին: Խոսքը Սիսիան, Քաջարան և Քաջարանից Ագարակ ուղղության մասին է: Այստեղ ունենալու ենք 2 թունել՝ Քաջարանի, Բարկուշատի թունելները: Հունիսին կունենանք գծանախահաշվային ամբողջական փաթեթը: Երևի օգոստոսի դրությամբ արդեն մրցութային փաթեթը պատրաստ կլինի»,- ասաց Պապիկյանը: