Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում Կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականի զեկուցման քննարկմանը հիշեցրեց, որ 2020 թվականը սկսվեց լուրջ մարտահրավերով, որին սեպտեմբերին էլ ավելի մեծ մարտահրավեր գումարվեց:
Մանրամասն ներկայացնելով համավարակի տարածման պատմությունը մեր երկրում՝ նախարարը հիշեցրեց՝ որ օրն է գրանցվել քովիդով վարակման առաջին դեպքը, երբ է կարանտին սահմանվել, պարետատուն ստեղծվել, ինչպես են պրոֆիլավորվել հիվանդանոցները, և ինչ աշխատանքներ են տարվել դրանից հետո:
«Ծավալվել է 2900 մահճակալ, որից 380-400-ը վերակենդանացման համար են նախատեսված: 29 կազմակերպություն, որոնք քովիդ-պացիենտների բուժմամբ են զբաղվել, 15-ը եղել է մարզերում, 14-ը՝ Երևանում: 10 հազարից ավելի բուժաշխատողներ վերապատրաստվել են անհրաժեշտ գիտելիքներով»,- նշեց նախարարը:
Որպեսզի ցույց տա, թե նախորդ տարի բժիշկները որքան ահռելի աշխատանք են կատարել, Ավանեսյանը թվեր հրապարակեց;
«Նախորդ տարի 40 հազարից ավելի քաղաքացիներ օգտվել են հիվանդանոցային բժշկական օգնությունից: Առիթից օգտվելով՝ պետք է երախտագիտությունս հայտնեմ մեր բուժաշխատողներին, որոնք մինչ օրս անձնուրաց պայքարում են մի կողմից՝ Քովիդի դեմ, մյուս կողմից, իհարկե, պատերազմի հետևանքով վիրավորում ստացած մեր զինծառայողների և քաղաքացիական անձանց բժշկական օգնության ամբողջ ծանրությունը նրանց ուսերին է եղել»,- նշեց Ավանեսյանը:
Այսօր էլ երկրում քովիդ-իրավիճակը կայուն լարված է՝ նշեց նախարարը՝ հավելելով, որ օրական միջինը 800-900 պացիենտ ենք ունենում: Մի քանի օր է՝ մեկնարկել է պատվաստումների գործընթացը: