Կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով ձեռք ենք բերել շտապ օգնության մեքենաներ, Հայաստանին շտապ օգնության մեքենաներ են նվիրաբերվել նաև Սփյուռքի կողմից, որոնք մինչ օրս էլ դեռ ժամանում են, մեր պարկը բավականին համալրվել է: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին:
Նախարարը հայտնեց, որ ձեռք են բերվել նաև լրացուցիչ շտապօգնության մեքենաներ, քանի որ պատերազմի ընթացքում շտապ օգնության մեքենաները 24 ժամ ճանապարհներին էին և վնասվել էին:
Անդրադառնալով գյուղական ամբուլատորիաները շտապօգնության մեքենաներով ապահովելու անհրաժեշտությանը՝ նախարարը հայտնեց, որ Սյունիք կատարած այցի ընթացքում հարցը բարձրացվել է, և լուծում կտրվի:
«Պետք է շատ ուշադիր լինել, որովհետև տրամադրելով շտապօգնության մեքենա՝ պետք է նաև ճիշտ հաշվարկել դրա հետագա պահպանման ծախսերը, որպեսզի դա ոչ թե բեռ լինի տվյալ ամբուլատորիայի վրա, այլ ծառայի կոնկրետ նպատակին: Ես վստահեցնում եմ, որ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, և առաջիկայում խելամիտ որոշում կկայացնենք, թե որ տիպի մեքենաներն են առավել հարմար այս նպատակի համար»,- ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ գյուղական ամբուլատորիաներն անպայման շտապ օգնության մեքենաներ են ունենալու: