Կառավարության այսօրվա նիստին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումները հաստատելու մասին հարցը:
Նախարարը նշեց, որ նախագծով նախատեսվում է ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը միտված ծրագրի իրականացում:
«Նախորդ տարի 6 կենտրոն մասնակցել են դրամաշնորհային մրցույթի և շահել դրամաշնորհներ նշված ուղղությամբ գործունեություն իրականացնելու համար, սակայն քովիդի և պատերազմի պատճառով չեն իրականացվել: Առաջարկվում է Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկը տրամադրել «Լոֆթ» կենտրոնին, իսկ մնացած մարզային կենտրոնները պետք է իրականացնեն դրամաշնորհային ծրագրեր, որը նրանք շահել են նախորդ տարի: Ընդհանուր գումարը 110 միլիոն դրամ է»,- տեղեկացրեց Վահրամ Դումանյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ արձանագրել էին, որ մարզերում չկան այնպիսի կենտրոններ, որտեղ երիտասարդությունը կարողանա հավաքվել և քննարկումներ իրականացնելու հնարավորություն ունենալ:
«Մարզերում պետք է ստեղծել կենտրոններ, որտեղ առանցքում լինի բովանդակություն: Տեսնում ենք, որ առանց Կառավարության միջամտության՝ Երևանում և Գյումրիում այդպիսի կենտրոններ ձևավորվել են ժամանակի ընթացքում: Որոշեցինք խթանել այդպիսի կենտրոնների ձևավորումը նաև մարզերում:
Պետք է արձանագրել, որ երիտասարդական կենտրոնների ավանդական մոդելը, որի մասին մենք պատկերացում ունենք, այս նպատակին չի ծառայում: Որոշեցինք դրամաշնորհային ծրագիր իրականացնել, այսինքն՝ առաջարկ անել, որ ովքեր ունեն նման նախաձեռնություն՝ ներկայացնեն մրցութային հանձնաժողով: Եվ մարդիկ ներկայացրին իրենց առաջարկները, որի արդյունքում ունենք շահողներ, որոնց ուղղակի աջակցում ենք, որ այդ կենտրոնները ստեղծեն»,- նշեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ սրանով երիտասարդական միջավայրը մարզերում կփոխվի: