«Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ-ն 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը իրականացնում է «Ձկնային պաշարների պահպանումը քաղաքացիների իրազեկության բարձրացման և պետական քաղաքականության բարեփոխումերի միջոցով» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ ԳԷՀ-ի ՓԴԾ-ի կողմից մրցութային հիմունքներով տրված դրամաշնորհի շրջանակում:
Ծրագրի գլխավոր նպատակն է նպաստել ձկնային պաշարների պահպանմանը և սիրողական ձկնորսության կայուն զարգացմանը՝ դրանց պահպանության հիմնախնդիրների վերաբերյալ քաղաքացիների իրազեկման ու ձկնորսության ոլորտում պետական քաղաքականության բարեփոխումների խթանման միջոցով:
Ծրագրի շրջանակներում նախատեսված է մշակել Հայաստանի ջրակալներում հանդիպող ձկների տեսակային կազմի ու կենսաբանական առանձնահատկությունների, սիրողական ձկնորսության իրականացման գործող կանոնների և սահմանափակումների մասին տեղեկատվական նյութերի, ինչպես նաև սիրողական ձկնորսության ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերի նախագծեր:
Ծրագիրն իրականացնել է երեք փուլով: Առաջին փուլում ծրագրի փորձագետների կողմից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մասնագետների հետ սերտ համագործակցության պայմաններում մշակվել են Հայաստանի ջրակալներում հանդիպող ձկների տեսակային կազմի ու կենսաբանական առանձնահատկությունների, ինչպես նաև ձկնորսության իրականացման գործող կանոնների և սահմանափակումների մասին տեղեկատվական նյութերի նախագծեր: Միաժամանակ, ուսումնասիրվել ու վերլուծվել են սիրողական ձկնորսության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, վեր են հանվել առկա խնդիրները, մշակվել են օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի նախագծեր՝ հետագա քննարկումների ու վերամշակման համար: Երկրորդ փուլում տեղեկատվական արշավների միջոցով ձկնատեսակների տարբերակման, այդ ձկնատեսակների կենսաբանական առանձնահատկությունների մասին տեղեկատու նյութերի նախագծերի և սիրողական ձկնորսության օրենսդրական դաշտի առկա վիճակի ու հնարավոր բարեփոխումների մասին քննարկումներ են տարվել հարյուրավոր սիրողական ձկնորսությամբ զբաղվողների ու նրանց ներկայացնող տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ:
Միաժամանակ, նպատակաուղղված աշխատանքներ են տարվել սիրողական ձկնորսության ոլորտում քաղաքականություն մշակող և վերահսկողություն իրականացնող կազմակերպություների հետ, որի ընթացքում քննարկվել են ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության քաղաքականության բարելավման օրենսդրական առաջարկությունները և դրանց ներդրման հնարավորությունները:
Երրորդ փուլում վերոնշյալ հանդիպումների ու քննարկումների արդյունքում մշակվել ու տպագրվել են «Հայաստանի ձկները. ուղեցույց-որոշիչ» գիրքը, «Ձկնորսի հիշատակարան» գրքույկը, «Պարտավոր ենք պահպանել» պաստառը, ինչպես նաև մշակվել են ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության քաղաքականության օրենսդրական բարեփոխումների նախագծեր:
Ձկների մասին տպագրված տեղեկատու նյութերը կտրամադրվեն շահառու տարբեր կազմակերպություններին և պետական մարմիններին, նաև առանձին ԲՈՒՀ-երին, քոլեջներին, ավագ դպրոցներին, իսկ օրենսդրական և նորմատիվ ակտերի նախագծերը կտրամադրվեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ ի տնօրինություն:
Ծրագիրն համակարգող փորձագետն է կ.գ.դ., պրոֆեսոր Ս.Պիպոյանը։