Հայ-վրացական հարաբերությունների զարգացում, տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության ընդլայնում, տարածաշրջանային խնդիրներ ու զարգացումներ. այս հարցերն են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում: Վրաստանը Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորում է համավարակի դժվար պայմաններում, բայց պաշտոնական արարողակարգի բոլոր կանոններով:
Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Վրաստանի նախագահի նստավայրում՝ Օրբելիանի պալատում: Այցն ավելի վաղ էր կազմակերպված, բայց նախագահ Զուրաբիշվիլիի խոսքով՝ համավարակն ու տարածաշրջանում զարգացած հակամարտությունը հետաձգեցին այն: Նախագահները քննարկեցին Քովիդի ու Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած տարածաշրջանային մարտահրավերները:
Սալոմե Զուրաբիշվիլի, Վրաստանի նախագահ - Ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել պատերազմի զոհերի ընտանիքիներին և Ձեզ, պարոն նախագահ: Հակամարտության ժամանակ և այժմ Վրաստանը կանգնած է խաղաղության կողմում: Առաջարկվեց Վրաստանը դարձնել երկխոսության հարթակ, և այդ առաջարկն ուժի մեջ է:
Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ - Անդրադարձանք տարածաշրջանային անվտանգության հարցերին, իհարկե, հաշվի առնելով Հայաստանի դեպքում ԼՂ դեմ Թուրքիայի ակտիվ ու բացայայտ աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված նոր իրողությունները:
Վրաստանի պաշտոնակցի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահը վերահաստատեց հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումը՝ տարածաշրջանում անհնար է հաստատել տևական խաղաղություն՝ առանց Արցախյան հարցի արդար կարգավորման: Նախագահ Սարգսյանն անթույլատրելի համարեց հետպատերազմական շրջանում ստեղծված իրավիճակը շահարկելու, մարդատյացության, ազգային արժանապատվության ոտնահարմանն ուղղված Ադրբեջանի քաղաքանությունը, որը չի կարող նպաստել երկխոսության մթնոլորտի ձևավորմանը:
Արմեն Սարգսյան - Շեշտեցի Ադրբեջանում պահվող գերիներին ազատ արձակելու հարցում շուտափույթ լուծում գտնելու կարևորությունը: Սա էական հումանիտար խնդիր է:
Վրաստանի նախագահը վստահ է՝ ցանկացած հակամարտություն վտանգում է տարածաշրջանը, հետևաբար, խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն:
Սալոմե Զուրաբիշվիլի - Տարածաշրջանում կայունության կարևորությունից ելնելով՝ քննարկեցինք Ուկրաինայում ստեղծված վիճակը: Էսկալացիան և ապակայունացումն սպառնում են սևծովյան տարածաշրջանին և ոչ միայն: Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է տարածաշրջանի համար դեէսկալացիան:
Ըստ Զուրաբիշվիլիի, Հարավային Կովկասը պետք է տարանցիկ ներուժն օգտագործի և լինի բաց ու զարգացող տարածաշրջան: Մինչև այդ նախագահները պայմանավորվել են խորացնել գործակությունը բոլոր ուղղություններով: Հարևան Վրաստանը ևս հիմա պայքարում է համավարակի հերթական ալիքի դեմ: Խիստ են հակահամաճարակաին կանոնները: Դեռևս ուժի մեջ է պարետային ժամը: