Հայկական ատոմային էլեկտրակայանի նորոգման ուղղության մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ (ՌԱԷԿ, Ռովնոյի մարզ, Ուկրաինա)՝ տեխնիկական սպասարկման և նորոգման ուղղությամբ փորձի փոխանակման նպատակով:
Ինչպես հայտնում են Հայկական ԱԷԿ-ից՝ հայ մասնագետների այցը տեղի է ունեցել «ԱԷԿ-ի սարքավորումների վրա վերանորոգման աշխատանքների իրականացման արդյունավետության գնահատում» բենչմարքինգի շրջանակում, որը կազմակերպել է ԱԷԿ-երը շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇՀԿԱ ՄԿ) Մոսկովյան կենտրոնը:
Այցի ընթացքում ՌԱԷԿ-ի մասնագետները հայաստանյան պատվիրակությանը ներկայացրին էլեկտրակայանում տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը, անվտանգության համար կարևոր համակարգերի սարքավորումների վերանորոգման կազմակերպումը, ապահերմետիկացված սարքավորումներ կողմնակի առարկաների ներթափանցման կանխմանն ուղղված գործունեության իրականացումը։ Քննարկվել են չնախատեսված և պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքների բարձր որակի ապահովման, ինչպես նաև վերանորոգման պլանավորման, ժամկետների օպտիմալացման, տեխնիկական սպասարկման անձնակազմի վերապատրաստման գործում ծրագրային ապահովման կիրառման հետ կապված հարցեր:
Ուկրաինայի ատոմային էներգիան էլեկտրաէներգիայի արտադրությամբ աշխարհում արժանի տեղ է գրավում: Երկար տարիներ երկրում գործում են չորս ատոմակայան՝ 15 էներգաբլոկով, և կարևոր է ուսումնասիրել դրա կուտակված փորձը: Հայկական ԱԷԿ-ում ՇԿՀԱ ՄԿ ներկայացուցիչ Սերգեյ Կենջեցյանի խոսքով, Ռովնոյի ԱԷԿ-ի ընտրությունը պատահական չէ: «Մենք արդեն ունենք համագործակցության դրական փորձ ճառագայթային անվտանգության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտում: Ստացված բոլոր գիտելիքներն ու լավագույն փորձը աստիճանաբար ներմուծվում են Հայկական ԱԷԿ-ում, և արդեն կան առաջին դրական արդյունքները: Ռովնոյի ԱԷԿ-ի փորձը վերանորոգման ուղղության կազմակերպման բնագավառում մեզ համար օրինակելի է: Դա կապում եմ պրոֆեսիոնալների լավ թիմի և արդյունավետ կառավարման հետ: ՇԿՀԱ-ի աշխատանքը հիմնված է երեք սկզբունքների վրա՝ գնահատել, համեմատել և ներդնել: Կատարված վերանորոգումների որակը կարող ենք գնահատել՝ ելնելով վթարային անջատումների և կրկնակի նորոգումների բացակայությունից, ինչն, իհարկե, ազդում է անվտանգ շահագործման վրա ընդհանուր առմամբ: Սակայն տեխնիկական սպասարկման և վերանորոգման գծով սեփական աշխատանքի որակի արդյունավետ գնահատման համար անհրաժեշտ է համեմատել այն Ռովնոյի գործընկերների ունեցած լավագույն պրակտիկաների հետ»,- նշեց Սերգեյ Կենջեցյանը:
Հայկական ԱԷԿ-ի մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի տուրբինային և ռեակտորային բաժանմունքներ, որտեղ պլանային կանխարգելիչ նորոգումն ավարտական փուլում է: Պատվիրակությունը ծանոթացավ նաև ուսումնական սարքերի միջոցով տեխնիկական սպասարկման անձնակազմի վերապատրաստման պրակտիկային և տեխնիկական սպասարկման անձնակազմի համար մարդկային սխալները կանխելու մեթոդներին:
Ռովնոյի ԱԷԿ-ում ՇԿՀԱ ՄԿ-ի ներկայացուցիչ Անատոլի Վասիլչուկը նշեց, որ ատոմային ոլորտի մասնագետները տեղեկատվություն են փոխանակել նաև մետաղի վերահսկողության ծառայության աշխատանքի և վերանորոգման ընթացքում դոզային բեռնվածության նվազեցման գործողությունների կազմակերպման վերաբերյալ:
«Այցի ծրագիրը ներառում է հարցերի քննարկում` հաշվի առնելով հայ գործընկերների ցանկությունները։ Հուսով ենք, որ այցը օգտակար կլինի երկու կողմերի` Ռովնոյի և Հայկական ԱԷԿ-ների համար: Համոզված եմ, որ ատոմակայանների մասնագետների միջև շփումը և փորձի փոխանակումը միշտ դրական ազդեցություն կունենան վերանորոգման և արտադրական գործունեության բարելավման առումով»,- ասաց Անատոլի Վասիլչուկը: