Հանրային հեռուստաընկերությունում բացվել է Առաջին ալիքի ղեկավարներին նվիրված թանգարանային անկյուն, որտեղ 65-ամյա պատմություն ունեցող հեռուստաընկերության ղեկավարների նկարներն են:
Հեռուստատեսության հիմնադրման 65-ամյակի առիթով Առաջին ալիքը միջոցառումների շարք է նախաձեռնել: Տնօրինությունն այս նախաձեռնությամբ արժանին է մատուցում այն մարդկանց, որոնք կայացրել ու զարգացրել են հայկական հեռուստատեսությունը:
Միջոցառմանը ներկա են եղել տարբեր տարիների տնօրեններ կամ նրանց ժառանգները: Թանգարանային անկյունում ներկայացված է նաև Առաջին ալիքի տարբերանշանների փոխակերպումը:
Հովհաննես Մովսիսյան, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն - Հանրային հեռուստաընկերությունը 65-ամյակի շեմին ունի 5-ամյա զարգացման ծրագիր, որը բաղկացած է մի շարք կետերից: Շատ կարևոր է 65-ամյակի շրջանակներում այն հարուստ արխիվը, որն ունի Հանրային հեռուստաընկերությունը, վերադարձնել եթեր, հանրությանը մատուցել: Ծրագրում ենք մինչև 65-ամյակի հիմնական տոնակատարություններն ունենալ այն ալիքը, որտեղ մարդիկ կկարողանան դիտել Հանրայինի պատմությունը, քանի որ այն ոչ միայն հեռուստաընկերության, այլև մեր երկրի պատմությունն է:
Արա Շիրինյան, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ - Շատ հաճելի է տեսնել այս պատը: Եթե տնօրեն լինելը հեշտ լիներ, 65 տարվա մեջ՝ 15 անուն, կարծում եմ ավելի շատ կլիներ: Դա ծանր և պատասխանատու աշխատանք է:
Տիգրան Հակոբյան, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ - Բախտ վիճակվեց աշխատել ամենածանր ժամանակ՝ էներգետիկ ճգնաժամ սկսվեց, պատերազմ էր: Այն ժամանակ իմ ամենամեծ կռիվն այն էր, որ կարողանան 45 հերցի վրա պահել հաճախականությունը, որպեսզի պատկերը չլողա և մարդիկ կարողանան այստեղ աշխատել: Ես տեսել եմ մարդկանց հերոսությունը, ովքեր Կենտրոնից ոտքով բարձրանում և իջնում էին՝ այստեղ աշխատելու համար:
Նունե Կիրակոսյան, Ջոն Կիրակոսյանի դուստրը - Ջոն Կիրակոսյանը 3 տարի է աշխատել, բայց թողել է իր հետքը Հանրային հեռուստաընկերությունում: