Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում «Երաժշտության ազդեցության ուսումնասիրությունը մարդու մտավոր աշխատունակության վրա» նախագիծն Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից արժանացել է պատվոգրի:
Նախագիծը ներկայացրել են Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի սաները՝ 12-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Աղաջանյանը, 10-րդ դասարանցիներ Անգելինա Մարգարյանը և Կարինա Ֆանարջյանը: Թիմը ղեկավարել է դպրոցի ուսուցիչ Կարինե Սամվելյանը:
Հետազոտությունն իրականացնելու նպատակով նախագծի հեղինակները մշակել են հարցաթերթիկ՝ մասնակիցների երաժշտական նախասիրությունների վերաբերյալ: Մասնավորապես, հարցաթերթիկի միջոցով նպատակ է դրվել պարզելու, թե ի՞նչ է երաժշտությունը՝ որպես երևույթ, և ինչպե՞ս են երաժշտության տարբեր ժանրերն ազդում մարդու մտավոր աշխատունակության վրա։
Հետազոտությունն իրականացվել է շաբաթը մեկ անգամ նույն օրը (չորեքշաբթի)՝ նույն ժամին, հետևյալ հերթականությամբ՝ դասական երաժշտություն, ռոք երաժշտություն, տարբեր ժանրերի երաժշտության խառնուրդ և լռություն։ Կիրառվել է Անիֆիմովի հատուկ թեստը: Հետազոտության արդյունքում մշակվել են ստացված տվյալները, կատարվել են համապատասխան հաշվարկներ, ինչպես նաև կառուցվել են գրաֆիկներ:
Որպես արդյունավետության ցուցիչ սահմանվել է աշխատանքի ընթացքում կատարված սխալների թիվը, աշխատունակությունը որոշվել է՝ հաշվի առնելով տվյալ ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը, իսկ աշխատունակության դինամիկան՝ համապատասխան հաշվարկման բանաձևով: Նախագծի հեղինակները ներկայացված արդյունքները համեմատել են լռության ընթացքում ստացված արդյունքների հետ։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մասնակիցներն ամենաարդյունավետ՝ քիչ սխալներով, աշխատում են տարբեր ժանրերի երաժշտության խառնուրդի ներքո։ Մասնակիցների աշխատանքի արագությունն ամենաբարձրն է եղել լռության ժամանակ, իսկ ամենացածրը՝ դասական երաժշտության ներքո: Բացի դրանից՝ պարզվել է, որ աշխատունակության դինամիկան ամենաբարձրն է լռության պայմաններում, իսկ ամենացածրը՝ դասական երաժշտության ներքո աշխատելիս։
Անդրադառնալով հետազոտության օգտակարությանը և կիրառությանը՝ նախագծի հեղինակները վստահեցնում են, որ թիմային աշխատանքի ընթացքում ձեռք են բերել տվյալների հետ աշխատելու հմտություններ։
«Հետազոտության յուրաքանչյուր մասնակից հասկացավ, որ սեփական մտավոր աշխատանքը կարելի է դարձնել ավելի արդյունավետ՝ կատարելով հետազոտություն։ Մտադիր ենք մեր հետազոտությունը շարունակել՝ այս անգամ արդեն ուսումնասիրելու ականջակալներով և տարբեր ուժգնությամբ երաժշտություն լսելու ազդեցությունը մարդու մտավոր աշխատունակության վրա»,- ասում են նախագծի հեղինակները:
Նշենք, որ փառատոնի նպատակն էր դպրոցահասակ սովորողների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, զարգացնել խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտություններ: Փառատոնին 46 գիտահետազոտական նախագիծ են ներկայացրել Երևանի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի 21 ուսումնական հաստատության ավագ դասարանների շուրջ 110 աշակերտներ: