Գլխավոր դատախազությունը հաստատել է լուրը, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Իրավապահ կառույցից, սակայն, մանրամասներ չեն հայտնում։
Դատախազությունից հղում են անում օրենքի պահանջին, որով դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով նախաքննության գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով նրա գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:
Գլխավոր դատախազությունը անդրադարձել է նաև այն հանգամանքին, թե արդյոք քրեական հետապնդում սկսելուց առաջ նախաքննական մարմինը պե՞տք է ստանա Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը։
Արևիկ Խաչատրյան (դատախազության հանրային կապերի բաժնի պետ) - Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի համաձայնությունը ստանալուն, ապա դատավորի պարագայում առկա է երկու ռեժիմ։ Եթե քրեական գործը, հարուցվող քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը, նման համաձայնություն ստանալու խնդիր չի առաջանում։
Տվյալ դեպքում գործ ունենք նշված դեպքի հետ։